ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի, Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանի և ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության մշակույթի կենտրոնի նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ին Մատենադարանում կայացել է «Բազմադարյա պատմամշակութային կապերը որպես հայ-իրանական բարեկամության առհավատչյա» խորագրով աշխատաժողով:
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին: Նա գոհունակություն է հայտնել, որ իրանցիներն ու հայերը կարող են Երևանում Կապույտ մզկիթի կարգավիճակը և մուսուլմանների կողմից իրենց կրոնական ծեսերի անցկացման ազատությունը ներկայացնել որպես հանդուրժողականության դրսևորում Հայաստանում։
Դեսպանն օրինակելի է համարել Իրանում հայկական եկեղեցիների կարգավիճակը և ընդգծել դրա քաղաքական և բարոյական նշանակության ըմբռնման կարևորությունը: Դիվանագետը կարևորել է մշակութային կապերի փոխադարձ զարգացումը։
Միջոցառման շրջանակում հատուկ ուշադրություն է հատկացվել ընդհանուր պատմական ժառանգությանը, մշակութային հուշարձաններին, այդ թվում՝ Երևանի Կապույտ մզկիթին, Իրանում հայկական եկեղեցիների պահպանմանը, պարսկերենի ուսումնասիրությանն ու մտավորականության ներկայացուցիչների համագործակցությանը: