Իրաքի վարչապետ Մուհամմադ Ալ-Սուդանին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ռազմական գործընկերության համապարփակ համաձայնագիր են ստորագրել:
«… Իմ ընկեր Մակրոնը և ես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը սահմանում է մեր երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման ճանապարհային քարտեզը»,- Twitter-ում գրել է Ալ-Սուդանին։
Իր հերթին Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ Մակրոնը և Ալ-Սուդանին վերահաստատել են իրենց հանձնառությունը TotalEnergies նավթագազային ընկերության նախագծերի իրականացման առնչությամբ՝ հիմնված արևային էներգիայի վրա:
Նշենք, որ 2021 թվականին TotalEnergies-ը և Բաղդադը համաձայնագիր են ստորագրել հարավային Իրաքում 25 տարվա ընթացքում արևային, գազային, էլեկտրաէներգիայի և ջրի չորս հսկայական նախագծեր կառուցելու վերաբերյալ:
Իրաքի վարչապետ Մուհամմադ Ալ-Սուդանին երեկ ժամանել է Փարիզ: Ալ-Սուդանիի խոսքով՝ իր այցի նպատակն է ակտիվացել «նավթով հարուստ Իրաքի և Ֆրանսիայի» միջև համաձայնագրերը՝ մասնավորապես տրանսպորտի, էներգիայի և ներդրումների ոլորտում: