Իսրայելի զինված ուժերը հոկտեմբերի 20-ի առավոտյան հարվածներ են հասցրել Լիբանանի հարավի վեց բնակավայրերի և տարածքների ուղղությամբ՝ կիրառելով ավիացիա, հրետանի և անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնել է «Al Mayadeen» լրատվամիջոցը՝ վկայակոչելով Լիբանանի ազգային լրատվական գործակալությանը։
Հարվածներ են հասցվել երկրի հարավային հատվածում գտնվող Վադի ալ-Հուջեյր, Մայֆադուն, Հադաթա, ալ-Քանթարա, Թալուսա և ալ-Մանսուրի բնակավայրերին ու դրանց հարակից տարածքներին։ Տեղեկությունների համաձայն՝ որոշ վայրերում իսրայելական ինքնաթիռները հարվածել են բնակելի տարածքներին, իսկ մյուսներում կիրառվել են հրետանի և անօդաչու սարքեր։ Մայֆադունում անօդաչու սարքը հրթիռ է արձակել շենքերից մեկի տանիքին։
Հարվածների հետևանքով զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ հաղորդագրության մեջ չեն նշվում։
Նշենք, որ Իսրայելը պարբերաբար հարվածներ է հասցնում Լիբանանի հարավին՝ չնայած հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին։







