Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը պետք է ավարտվի, և Կիևը պատրաստվում է կարգավորմանն ուղղված դիվանագիտական հաջորդ քայլերին։ Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաընկերությունը։
Զելենսկին հայտնել է, որ զրուցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև հաղորդակցությունը շարունակվում է գրեթե անընդհատ, իսկ քննարկումների առանցքում Ֆլորիդայում կայացած բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերն են։
Զելենսկին նաև հայտնել է, որ ԱՄՆ-ը վերսկսել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը, որը որոշ ժամանակով դադարեցվել էր։ Նրա խոսքով՝ այդ տեղեկությունները կարևոր են Ռուսաստանի բալիստիկ հրթիռային հարվածների մասին նախազգուշանալու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը ժամանակավորապես թույլատրել է ռուսական դիզելային վառելիքի ներմուծումը՝ չնայած գործող պատժամիջոցներին։ Որոշումը քննադատության է արժանացել այն մտահոգության պատճառով, որ այն կարող է լրացուցիչ եկամուտներ ապահովել Ռուսաստանին։ Թրամփն էլ քննադատել է Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին Ուկրաինայի հասցրած վերջին հարվածները։








