Իսրայելական «Elbit Systems» պաշտպանական ընկերության՝ 235 մլն դոլարի հրթիռների և հրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի պատվիրատուն Ադրբեջանն է։ Region Monitor-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «OC Media»-ն՝ հղում անելով իսրայելական «Globes» տնտեսական պարբերականին։
Հոկտեմբերի 19-ին «Elbit Systems»-ը հայտարարել էր եվրոպական երկրի հետ պայմանագիր կնքելու մասին, սակայն չէր բացահայտել պատվիրատուի անունը։ «Globes»-ի տեղեկություններով՝ խոսքը Ադրբեջանի մասին է։ Ընկերությունը դեռ պաշտոնապես չի հաստատել այդ տեղեկությունը։
Պայմանագրով նախատեսվում է մատակարարել միջին հեռահարության կառավարվող հրթիռներ, դրանց արձակման համար նախատեսված «PULS» համակարգեր, ինչպես նաև լոգիստիկ աջակցություն։ Հաղորդվում է, որ հրթիռների հեռահարությունը 80կմ է։ Մատակարարումները նախատեսվում է իրականացնել առաջիկա երեք տարվա ընթացքում։
«Elbit Systems»-ի հայտարարության համաձայն՝ գործարքը կնքվել է Իսրայելի և պատվիրատու երկրի պաշտպանության նախարարությունների միջև միջկառավարական համաձայնության շրջանակում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանում բացվել է նաև իսրայելական «Ari Arms» ընկերության գործարանը, որտեղ նախատեսվում է արտադրել ամերիկյան «M4» տիպի հրացաններ։








