Իրաքյան Քուրդիստանի շրջանի Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման երկրորդ տարեդարձի կապակցությամբ երեկ՝ փետրվարի 26-ին բացվել է հատուկ ցուցահանդես՝ «Փոքրամասնությունները Հայաստանում: Փաստաթղթեր և ֆոտոարխիվներ» խորագրով։
Ցուցահանդեսը ներառում էր բազմաթիվ պատմական փաստաթղթեր և լուսանկարներ՝ բաղկացած լինելով երկու բաժիններից:
Բաժիններից մեկը նվիրված էր Հայաստանի փոքրամասնությունների պատմական լուսանկարներին, իսկ երկրորդը մի շարք ձեռագրեր էր պարունակում՝ քրդերեն և հայերեն լեզուներով:
Իր հերթին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանը RUDAW-ի հետ զրույցում հայտարարել է, որ ցուցահանդեսի նպատակն է ցուցադրել Հայաստանի փոքրամասնությունների ժառանգությունը, որտեղ մեծ արխիվ կա:
Հյուպատոսի խոսքով՝ այս կերպ նպատակ է եղել ցուցադրել այս պատմությունը՝ նշելով, որ քրդերեն լեզվի Վերին Քուրմանջի բարբառով առաջին գիրքը հայերն են գրել:
Գլխավոր հյուպատոսը նաև շեշտել է, որ հայերն օգնել են քրդերին պահպանել իրենց ժառանգությունն արվեստի, երաժշտության և պոեզիայի բնագավառներում, իսկ տասնհինգերորդ դարում հայերն աղոթքների առաջին գիրքը գրել են քրդերենով։










Լուսանկարները՝ RUDAW-ի:






