Անհրաժեշտ է, որ Ադրբեջանի նկատմամբ սանկցիաներ կիրառվեն. առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանին տրվող Միացյալ Նահանգների աջակցությունը դադարեցնելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով խմբի փոխնախագահ Ադամ Շիֆը:
«Ես տարիներ շարունակ կոչ եմ արել կառավարությանը դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական կամ տնտեսական աջակցությունը։ Նրանք դրան արժանի չեն։ Բացի այդ՝ դա օրենքի խախտում է։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժինը սահմանում է, որ քանի դեռ նրանք չեն բարելավել մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը, նրանք մեր աջակցությունը պետք է չստանան։ Բացի այդ՝ նրանք ոտնահարում են մարդու իրավունքները, պատերազմական հանցագործություններ են կատարում։ Այնպես որ աններելի է մեզ համար որեւէ մակարդակով շարունակել Ադրբեջանին տրամադրել տնտեսական կամ ռազմական աջակցություն, որը նրանք կարող են օգտագործել իրենց հարեւանների դեմ պատերազմ մղելու համար։ Այսպիսով, դա առաջին քայլն է»,-ընդգծեց Շիֆը:
Նա ընդգծեց, որ ամենակարեւորն այն է, որ միջազգային դերակատարները խոսեն եւ գործեն ժամանակին, երբ տեսնում են ագրեսիայի առաջին դրսեւորումները. «Տարիներ է՝ Ադրբեջանը կրակում է շփման գծում՝ սպանելով մարդկանց։ Եվ այդ ամբողջ ընթացքում երկրները՝ ներառյալ Միացյալ նահանգները, օգտագործել են կեղծ համարժեքության լեզուն եւ պարզապես երկու կողմերին կոչ են արել դադարեցնել բռնությունը։ Ես շարունակում եմ կոչ անել տարածաշրջանում մեր դեսպաններին, Մինսկի խմբին, որ դադարեն հավասարության նշան դնել, քանի որ դա խրախուսում է ագրեսորին։ Եվ եթե շարունակում ես ֆինանսավորել ագրեսորին, դա ավելի քան խրախուսում է նրան։
Տարիներ շարունակ ես դեմոկրատական և հանրապետական վարչակազմերին կոչ եմ արել դադարել հավասարության նշան դնել, սկսել պատժամիջոցներ կիրառել հարձակվող կողմի նկատմամբ: Բայց դա տեղի չունեցավ։ Ողբերգական է, Ադրբեջանը, կարծում եմ՝ դա որպես կանաչ լույս օգտագործեց որ պատերազմ սկսի 2020 թվականին, շարունակի բռնություն կիրառել եւ շրջափակել Արցախը։ Այսպիսով եթե ուզում ենք, որ Ադրբեջանը դադարեցնի իր գործողությունները, մենք պետք է դադարեցնենք նույն վարքագիծը դրսեւորել, որը մեզ հասցրեց այս շատ անկայուն դիրքին»,-ասաց Շիֆը: