Ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Էրբիլի հայկական Սուրբ Խաչ եկեղեցում կազմակերպել էր «Յամուլքի-Արդարության առաջամարտիկը» վավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Այս մասին տեղեկանում ենք Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության Էրբիլ քաղաքում գործող ՀՀ գլխավոր հյուպատոսության Facebook-ի պաշտոնական էջից:
Նշվել է, որ ֆիլմը 1920թ. Օսմանյան կայսրությունում ռազմական դատարանի նախագահ, ազգությամբ քուրդ Մուստաֆա Փաշա Յամուլքիի մասին է, ով քաջություն է ունեցել մահապատժի որոշումներ կայացնել Հայոց ցեղասպանության մի շարք ոճրագործների նկատմամբ, ինչպես նաև նշանակալի դերակատարություն ունեցել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արժեքավոր փաստաթղթերի հավաքագրման և պահպանման գործում:
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան հոգևորականներ, Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության խորհրդարանի պատգամավորներ, Սուլեյմանիեի նահանգապետը և Այնքավայի քաղաքապետը, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, մտավորականներ, Էրբիլում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի անդամներ, Բաղդադի, Էրբիլի, Զախոյի, Հավրեզքի, Ավզրուկի, Սմելի և Քիրքուքի հայ համայնքի բազում ներկայացուցիչներ:
Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տեր Օշական Վարդապետ Գուլգուլյանը, Էրբիլում ՀՀ գլխ․ հյուպատոս Արշակ Մանուկյանը և «Յամուլքի-Արդարության առաջամարտիկը» ֆիլմի ռեժիսոր Հորեն Ղարիբը։
Միջոցառման ավարտին մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողին: