Իրանական Khabaronline կայքում հրապարակվել է Կովկասի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին հոդվածը, որում անդրադարձ է կատարվել Իրանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը չչեղարկելու, կորոնավիրուսի պատրվակով սահմանները փակ պահելու Բաքվի քաղաքականությանը:
Փորձագետը համոզմունք է հայտնել, որ Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերություններին խոչընդոտում է Բաքվի կառավարության ու Ալիևների ընտանիքի կողմից Ադրբեջանի համար կեղծ ինքնության ստեղծումը: Քազեմիի խոսքով՝ այս ինքնության հիմքում Իրանի հետ պատմական ընդհանրությունների մերժումն է:
«Բնականաբար, երբ մարդկային շփում է տեղի ունենում, այդ կեղծիքը ջրի երես է դուրս գալիս, այդ պատճառով Բաքուն ջանում է կանխել երկու ժողովուրդների շփումները: Այդ պատճառով է, որ ոմանք ասում են, որ Բաքվի կառավարությունում կա հոսանք, որ ատում են Իրանի ազարիներին, քանի որ նրանք ողջ պատմության ընթացքում եղել են Իրանի աշխարհագրական, հոգևոր, մշակութային ու քաղաքակրթական սահմանների պաշտպանության դրոշակակիրները»,- նշել է հոդվածի հեղինակը:
Ըստ փորձագետի՝ Ալիևների ընտանիքը վախենում է, որ ժողովրդական կապերի ընդլայնմամբ «Իրանի ազարիները և ողջ իրանցիները կվերադառնան այն առաքելությանը, որ ունեն Կովկասի նկատմամբ»:
«Այդ պատճառով նրանք ժողովրդական կապերը խզելու, սահմանները փակելու, իրանատյացության սիոնիստական քաղաքականություն են առաջ տանում, որպեսզի այդ կերպ փոխեն Իրանի նկատմամբ Ադրբեջանի ժողովրդի վերաբերմունքը»,- ընդգծել է Քազեմին: