Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ 11 բուժառու Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 13 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար»,- ասված է հաղորդագրությունում։
Ըստ հաղորդագրության՝ Արցախի «Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 երեխա, որոնցից 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում ստացիոնար բուժում է ստանում 76 հիվանդ, 12 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը ծայրահեղ ծանր վիճակում։
Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը կեղծ բնապահպանական պատճառաբանությամբ փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջին կից, հսկիչ-անցագրային կետ է տեղադրել։