Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը սննդամթերքով, դեղամիջոցներով, առաջին անհրաժեշտության իրերով, ինչպես նաև անխափան գազա- և էլեկտրամատակարարմամբ ապահովելու անհրաժեշտությունը։ Այս մասին դիվանագետը հայտարարել է Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ եռակողմ բանակցությունների արդյունքների հիման վրա։
«Սա հասարակ մարդկանց, հայերի, տարածաշրջանի բնակիչների շահերից է բխում։ Ներկայացրեցինք մեր զրուցակիցներին ռուսաստանյան կողմի գնահատականները, որ հիմնված են Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների զեկույցների վրա»,- նշել է Լավրովը։
Ըստ նրա, Ռուսաստանը, որպես խաղաղ գործընթացի գլխավոր միջնորդ, շահագրգռված է ճգնաժամի արագ լուծման հարցում, որը պետք է լիովին համապատասխանի եռակողմ հայտարարություններին, որոնք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն ընդունել են 2020, 2021 և 2022 թվականներին։
Անդրադարձ է եղել նաև ամբողջ տարածաշրջանում անարգել շարժման ապահովման, տրանսպորտային, տնտեսական հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին։ Հատուկ ուշադրություն է հատկացվել սահմանազատման հարցին, որ սերտորեն կապված է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս արագ կնքման քննարկվող բոլոր խնդիրների ու հարցերի հետ։
Լավրովը նշել է նաև, որ Մոսկվայում հասկանում են հայկական և ադրբեջանական կողմերի՝ բացի ՌԴ-ից այլ միջնորդներ օգտագործելու շահը։
«Ողջունում ենք այն երկրների ցանկությունը, որոնք ուզում են օգնել Բաքվին ու Երևանին պայմանավորվածություններ ձեռք բերել, ովքեր, մեզ պես, աշխատում են այդ ուղղությամբ։ Սակայն չպետք է այս կամ այն պայմանավորվածությունների արհեստական պարտադրման փորձեր լինեն, որոնք չեն բխում հայ և ադրբեջանցի ժողովուրդների շահերից, այլ արվում են հանուն ԶԼՄ-ներում գեղեցիկ վերնագրերի, աշխարհաքաղաքական և ներքաղաքական նկատառումների»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարարը։
Նա նշել է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների նախապատրաստման աշխույժ աշխատանքը շարունակելու մասին։