Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը ողջամիտ ժամկետներում Ադրբեջանին կներկայացնի իր նոր մեկնաբանությունները խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փաշինյանն այս մասին ասաց Կառավարության նիստի ժամանակ։
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է Ադրբեջանի նոր մեկնաբանությունները Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ։ Մենք կաշխատենք և ողջամիտ ժամկետում կներկայացնենք մեր մեկնաբանությունները»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ խաղաղությունը Հարավային Կովկասում այլընտրանք չունի և այն միակ լուծումն է, որ երաշխավորում է այս տարածաշրջանի երկրների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը, ինչն անհրաժեշտ ու ֆունդամենտալ պայման է բնականոն զարգացման և առաջընթացի համար։
«Եվ այսօր այս իմաստով հրատապ է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի հաղթահարումը, ինչի ուղղությամբ կշարունակենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները»,- եզրափակեց Փաշինյանը։