Իրանական Tasnim լրատվական գործակալությունը անդրադարձ է կատարել Թավրիզում ՀՀ հյուպատոսրանի բացման շուրջ թուրքական մամուլում առաջացած աղմուկին։ Հոդվածում ընդգծվել է, որ Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու Թեհրանի քայլերն ու որոշումներն իրագործվում են Իրանի ազգային շահերին համապատասխան և որևէ այլ երկրի հետ կապ չունեն։
Շեշտադրվել է, որ Հարավային Կովկասում, ի տարբերություն Թուրքիայի, Իրանը փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին ուղղորդել կառուցողական երկխոսության, իսկ Անկարան միակողմանի դիրքորոշում է որդեգրել։ Մատնանշելով թուրքական մամուլում Թավրիզում ՀՀ հյուպատոսության բացման առնչությամբ արված հրապարակումները՝ Tasnim-ը նշել է, որ ՀՀ հետ առևտրատնտեսական, զբոսաշրջային, մշակութային, գիտական հարաբերությունների զարգացումը անհրաժեշտություն են դարձրել Թավրիզում հյուպատոսության բացումը։
«Այս ուղղությամբ Թեհրանի և Երևանի հեռանկարային մոտեցումը երկկողմ հարաբերությունների զարգացումից բացի, նպաստելու է նաև երկու երկրների տնտեսական շահերի ավելացմանը։ Չի բացառվում, որ թուրքական արմատական որոշ լրատվամիջոցների անհանգստությունը հենց դրանով է պայմանավորված։ Մյուս կողմից, Իրանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տվել տարածաշրջանի, հատկապես Հարավային Կովկասի կայունությանն ու անվտանգությանը։ Միևնույն ժամանակ Թեհրանի համար օրակարգային է եղել Թուրքիայի նման կարևոր հարևանի հետ բազմակողմ հարաբերությունների ընդլայնումը։ Իսկ լրատվամիջոցները կարող են այս ուղղությամբ օժանդակողի դերում հանդես գալ, և անհրաժեշտ է խուսափել պառակտում առաջացնելուց»,- նշվել է հոդվածում։