2020 թվականի մարտի 13-ին Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարել է, որ կորոնավիրուսը շոշափելի հարված է հասցրել երկրի տնտեսության, զբոսաշրջության, օդային տրանսպորտի, հյուրանոցների գործունեության և հանրային սննդի ոլորտների վրա: Նա նշել է, որ ինչպես ցանկացած նավթ արդյունահանող երկիր, Ադրբեջանը նույնպես տնտեսական վնասներ է կրել, սակայն երկրի պետբյուջեի կառուցվածքն այնպիսին է, որ նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու Ադրբեջանի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա: Այնուհետև Շարիֆովը իր հակասական կանխատեսումների մեջ ավելացրել է, որ նախնական հաշվարկների համաձայն, անգամ նավթի ներկայիս 30-ից 35 ԱՍՆ դոլար գնի պայմաններում ազդեցությունն Ադրբեջանի եկամուտների վրա կազմելու է 270-ից 340մլն մանաթ (շուրջ 158-ից 200մլն ԱՄՆ դոլար), ինչը կազմում է պետբյուջեի եկամուտների 1,1-ից 1,4%-ը, որն այդքան էլ զգալի գումար չէ:
Բայց անդրադառնանք Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեին, համաձայն որի 2020թ. եկամուտները կազմելու են 24 մլրդ 134,5 մլն մանաթ (14,2 մլրդ ԱՄՆ դոլար), որի 56%-ը (13 մլրդ 530 մլն մանաթ՝ 7,9 մլրդ ԱՄՆ դոլար) նախատեսված է ապահովել նավթային ոլորտի եկամուտների հաշվին, իսկ նավթի մեկ բարելի գինը հաշվարկված է 55 ԱՍՆ դոլար արժեքով:
Ս.Շարիֆովի հայտարարությունը, որ Ադրբեջանի Հանրապետության պետբյուջեի կառուցվածքային առանձնահատկություններից ելնելով, նավթի գների նվազումն ուղղակի ազդեցություն չի ունենալու երկրի ընթացիկ տարվա պետբյուջեի վրա պատկանում են ֆանտաստիկայի ժանրին և Շարիֆովի անհիմն հայտարարությունները ուղղված են ապատեղեկատվության հնարքներ կիրառելով չեզոքացնել Ադրբեջանում տիրող ներքին խուճապը: Աշխարհի բոլոր նավթարդյունահանող երկրներից, որոնց տնտեսությունը հայտնվել է նավթի գների անկման պատճառով լուրջ ռիսկերի գոտում, հատուկ առանձնացվում է Ադրբեջանը՝ վերջին 2-3 տարիների ընթացքում Ադրբեջանն ակտիվացրել է գլոբալ ածխաջրածնային հումքի արտահանումը, զգալիորեն մեծացրել է մասնակցությունը նավթի և գազի մատակարարման գործում, հայտարարել խոշոր ներդրումների մասին, ինչպես իր տարածքում, այնպես էլ այլ երկրներում: Տվյալ գործողությունների հակառակ կողմը դարձավ այն, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) պարտքային բեռը սրընթաց ավելացավ՝ հասնելով 10 մլրդ ԱՄՆ դոլարի շեմին։ Նավթի գների անկումը փոխհատուցել նավթամթերքի արդյունահանման զգալի աճով չի ստացվի, երկրի տնտեսության դիվերսիֆիկացման ծրագիրը արագ արդյունավետ արդյունքների չի բերի, իսկ 2020 թվականի Ադրբեջանի բյուջեում նախատեսված խոշոր սոցիալական ծախսերի նվազեցմանը Իլհամ Ալիևի ռեժիմը չի գնա քաղաքական նկատառումներով: