Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքն ահազանգում է, որ ադրբեջանցիները պղծել են 51-րդ գումարտակի զոհված ազատամարտիկների հուշահամալիրը։
«Եվրոպական Խորհրդարանի կողմից 2022 թվականին ընդունվել էր 2582-րդ՝ «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության ոչնչացման մասին» բանաձևը, որտեղ Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանին պարտավորեցրել էր ապահովել հայկական ժառանգության տարածքներում ցանկացած միջամտության բացառումը՝ պահպանել ժառանգության իսկության սկզբունքները, իսկ վերականգնման աշխատանքները կատարել բացառապես այդ սկզբունքին համաձայն։
Հուշարձանի պղծումը խախտում է նաև ժառանգության մշակութային կարևորության չափանիշը՝ հաստատված Բուրրայի (Ավստրալիա, ԻԿՕՄՕՍ) 1999 թ. կանոնադրությամբ: Եվ այստեղ, պատմական ապացույցների ոչնչացման հետ կապված հարկ է նշել, որ ըստ մշակութային կարևորության չափանիշի, ժառանգության պատմական արժեքի պահպանում նշանակում է, թե ինչպես են պահպանված արժեքի պատմական ապացույցները (Բուրայի խարտիա, հոդված 2.3)»,- գրել է monumentwatch.org-ը։