Հայաստանը Ֆրանսիայի հետ ստորագրել է CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուն։
«Շարունակում ենք Հայաստանի հետ ամրապնդել պաշտպանական ոլորտում մեր հարաբերությունները: Ջերմ և արդյունավետ հանդիպում եմ ունեցել իմ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ՝ Eurosatory-ի շրջանակում։ Նոր կարևոր մեկնարկ՝ CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման մասին պայմանագրի կնքմամբ»,- X-ի իր էջում գրել է Լըկորնյուն։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 17-ին Փարիզում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը:
«Պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանում պաշտպանության ոլորտում բարեփոխումների ընթացքը և այդ ուղղությամբ Ֆրանսիայի հետ համագործակցության շրջանակում իրականացվող աշխատանքները: Կողմերը կարևորել են ռազմատեխնիկական համագործակցությունը, որի շուրջ ձեռք են բերվել նոր պայմանավորվածություններ»,- ասված է հաղորդագրությունում։
ՊՆ-ը տեղեկացնում է, որ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։