Հունգարիան պատրաստ է մինչև 2027 թվականի հոկտեմբերը հրաժարվել ռուսական գազի ներկրումից։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և էներգետիկայի նախարար Իշտվան Կապիտանը՝ «Telex» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Նախարարի խոսքով՝ Հունգարիան կարող է գազ ստանալ տարբեր աղբյուրներից, սակայն մինչ այժմ ռուսական գազն ավելի շահավետ է եղել։ Նա չի հստակեցրել, թե վերջին ամիսներին որքանով է նվազել երկրի կախվածությունը ռուսական գազի ներկրումից, սակայն նշել է, որ գազի պահեստներում ձմռան համար բավարար պաշարներ կան։
Կապիտանը նաև նշել է, որ Հունգարիան կարող է հրաժարվել ռուսական նավթից։ Այդ նպատակով Բուդապեշտը բանակցում է Խորվաթիայի հետ՝ «Ադրիա» նավթամուղի թողունակությունն ամբողջությամբ օգտագործելու շուրջ։ Այն կարող է այլընտրանք հանդիսանալ ռուսական նավթի մատակարարման համար օգտագործվող «Դրուժբա» նավթամուղին։







