Նոյմբերի 19-ին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Երևան այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:
Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են երկու երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա: Ընդգծվել է ներկայիս զարգացումների պայմաններում առավել սերտ փոխգործակցության, արդիական ոլորտններում համագործակցության կարևորությունը:
«Տիկի՛ն Նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ Երևանում: Միշտ ուրախ եմ Ձեզ տեսնել՝ քննարկելու համաշխարհային օրակարգին և մեր տարածաշրջանին առնչվող հարցերը, ինչպես նաև մեր հարաբերությունները Գերմանիայի հետ, Հայաստան-ԵՄ գործընկերությունը և մեր հարաբերությունների խորացումը: Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ և փաստաթղթեր, որոնք քննարկվում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է:»
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության խորացման հեռանկարներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը բավականին հավակնոտ է՝ հիմնված ինչպես համագործակցության փորձի, այնպես էլ հետագա զարգացման տեսլականի վրա:
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում համագործակցությանը:
Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ:
ՀՀ ԱԳՆ