ԱՄՆ-ի և պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման ներկայացուցիչները հանդիպում են անցկացրել՝ քննարկելու Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման հարցը։ Այդ մասին լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքին ասել է պաղեստինյան դիմադրության բարձրաստիճան ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ հանդիպումը կայացել է ամերիկյան կողմի խնդրանքով, և «իսրայելցիները զարմացել են դրանով»։ ԱՄՆ ներկայացուցիչը խոսել է միայն գերիների փոխանակման մասին և չի շոշափել հրադադարի և պատերազմի ավարտի հետ կապված հարցեր:
«Ամերիկյան կողմը գերիների փոխանակման կոնկրետ բանաձև չի ներկայացրել, այլ լսել է «ՀԱՄԱՍ»-ի տեսակետը: Ամերիկացի բանագնացը դրական տպավորություն է ստացել հանդիպումից և հայտարարել, որ հնարավոր է բանակցել «ՀԱՄԱՍ»-ի հետ»,-ասել է հեռուստաալիքի աղբյուրը։
Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մասնավոր ուղիղ բանակցություններ է վարում «ՀԱՄԱՍ»-ի հետ՝ ամերիկացի պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի ավելի լայն համաձայնագրի կնքման հնարավորության շուրջ։ Նրանց տեղեկություններով՝ Դոհայում հանդիպումներ են տեղի ունեցել պատանդների հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Ադամ Բոհլերի և «ՀԱՄԱՍ»-ի ներկայացուցիչների միջև։ ԱՄՆ վարչակազմի ջանքերն ուղղված են Գազայի հատվածում պատանդներին ազատելուն և պաղեստինյան շարժման ու Իսրայելի միջև երկարաժամկետ զինադադարի հասնելուն։
ԱՄՆ-ն ու «ՀԱՄԱՍ»-ը դեռևս համաձայնության չեն եկել։