Հունիսի 5-ին Դուշանբեում կկայանա Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, իսկ հոկտեմբերի 10-ին Տաջիկստանի մայրաքաղաքում տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովը։ Այս մասին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սիրոջիդին Մուխրիդինը։
«Հունիսի 5-ին Դուշանբեում տեղի կունենա կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Ակնկալում ենք, որ Տաջիկստանի մայրաքաղաքում վարչապետները կստորագրեն մեր երկրի նախաձեռնած ծանր ինժեներական արդյունաբերության զարգացման գործում ԱՊՀ անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը»,-ասել է նա՝ հավելելով, որ միաժամանակ Դուշանբեում կանցկացվի խոշոր արդյունաբերական ցուցահանդես և հարակից այլ միջոցառումներ՝ ուղղված հանրապետության արդյունաբերական ներուժի ցուցադրմանը։
Մուխրիդինը նաև նշել է, որ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի առաջարկով հոկտեմբերի 10-ին Դուշանբեում տեղի կունենա ԱՊՀ գագաթնաժողովը:
«Մենք վստահ ենք, որ Դուշանբեի գագաթնաժողովի որոշումները նոր խթան կհաղորդեն Համագործակցության զարգացմանը և նրա հետագա առաջընթացին»,- ընդգծել է նա։
Նշենք, որ Ալմաթիում ապրիլի 9-ին կայացել է ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ սկսզբում նեղ, ապա ընդլայնված կազմով։ Հայաստանը նիստում ներկայացնում է փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս օրերին Թուրքիայում է՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին։







