Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Նախարար Բարոն ծաղկեպսակ է զետեղել հուշահամալիրի մոտ և հարգանքի տուրք մատուցել ցեղասպանության զոհերի հիշատակին:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն մասնակցել են Ադմիրալ Լուի Դարտիժ Դյուֆերենին նվիրված հուշաքարի բացման արարողությանը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Նոել Բարոն Հայաստան էր ժամանել մայիսի 26-ին: Այցի արդյունքներում Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ստորագրել են.
- «Մտադրությունների մասին» հռչակագիր, որը նախատեսում է մասնավորապես երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև տարեկան քաղաքական խորհրդակցությունների անցկացում, համագործակցություն ապատեղեկատվության դեմ պայքարում և դիվանագետների վերապատրաստում:
- «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև Հայաստանում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) և Տնտեսական համագործակցության խթանման և մասնակցության ընկերության (Պրոպարկո) հիմնադրման և գործունեության մասին համաձայնագրում փոփոխություն անելու մասին» արձանագրությունը։
- Նախարարների ներկայությամբ Enterprise Armenia ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Գոհար Գալյանը և Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին՝ Business France-ի անունից, ստորագրեցին Enterprise Armenia հիմնադրամի և Business France ֆրանսիական ընկերության միջև փոխըմբռնման հուշագիր:








