ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թեմմի Բրյուսը ճեպազրույցի բացման խոսքում անդրադարձել է նախորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագրին:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հռչակագրի ստորագրումը վերահաստատեց, որ նախագահ Թրամփն իսկապես խաղաղության նախագահ է։ Անցյալ շաբաթ նա Սպիտակ տանը հյուրընկալեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին, որտեղ նրանք ստորագրեցին խաղաղության պատմական համատեղ հռչակագիր՝ տասնամյակներ տևած դառը հակամարտությունից և չափազանց շատ մարդկային կորուստներից հետո։ Այն միջազգային դիվանագիտության համար նշանակալի նվաճում և բռնության դադարեցում է, որը միայն նախագահ Թրամփը կարող էր իրականացնել։ ՛
Երկու առաջնորդները նաև երկկողմ տնտեսական համաձայնագրեր ստորագրեցին Միացյալ Նահանգների հետ՝ բացահայտելով Հարավային Կովկասի տարածաշրջանի մեծ ներուժը առևտրի, տարանցման, էներգետիկայի, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների ոլորտներում՝ ստեղծելով նոր հնարավորություններ ամերիկյան ժողովրդի և ամերիկյան բիզնեսի համար»։
Ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով տարածաշրջանում խաղաղության հաստատման պետքարտուղարության տեսլականի և տարածաշրջանային պետությունների արձագանքների վերաբերյալ հարցին, Բրյուսն ասել է.
«Ես չեմ պատրաստվում ենթադրություններ անել այն մասին, թե ինչ կարող ենք անել կամ չանել որոշակի գործողություններով: Աշխարհը գիտի, որ նախագահ Թրամփին պետք է լուրջ ընդունել: Այս պայմանավորվածությունը, այս գործարքը կարևոր է նրա համար: Նրանք Սպիտակ տանն էին: Սա կարևոր է այս վարչակազմի համար: Այն կարևոր է աշխարհի համար: Կարող եմ ասել, որ քանի որ որոշ մարդիկ կարող են նույնիսկ չիմանալ, քանի որ դա լուսաբանում չի ստանում, այս երկու հարևանները տասնամյակներ շարունակ հակամարտության մեջ են: Կարծում եմ՝ արդեն ավելի քան 35 տարի է, անթիվ զոհեր են եղել և սպի թողել սերունդների վրա:
Չնայած շատերը՝ եվրոպացիները, ֆրանսիացիները, Պուտինը և նույնիսկ Բայդենը փորձել են, սակայն միայն նախագահ Թրամփը կարողացավ հաջողությամբ միավորել այս երկու երկրները՝ համաձայնության գալու պատմական խաղաղության համար: Այսպիսով, կարծում եմ, աշխարհը գիտի, որ նա հավատարիմ է երկրների միջև երկարատև, կայուն խաղաղությանը՝ անկախ նրանից, թե որքան են տևել հակամարտությունները կամ թշնամանքը: Եվ այդ հանձնառությունը, ինչպես տեսել ենք՝ նա ռեալիստ է, հիմնված դիվանագիտության վրա, նա կանի այն, ինչ պետք է, որպեսզի առավելագույնս օգտվի Միացյալ Նահանգների նախագահ լինելուց և դադարեցնի պատերազմները»:




