ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ Թբիլիսիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի առանձնազրույցը, որի օրակարգում էին ինչպես երկկողմ գործընկերության զարգացման, այնպես էլ տարածաշրջանային հարցեր:
Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները կարևորել են ռազմավարական գործընկերությունը։
«Վրաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը, բարեկամությունը և ռազմավարական գործընկերությունը կարևոր են մեր երկու երկրի և ավելի լայն տարածաշրջանի բարգավաճման և կայունության համար»,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո։
«Վրաստանը ողջունում է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը։ Այս պատմական համաձայնագիրը քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Հայաստանը Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր կողմնակիցն է։ Սա արտացոլվում է միջազգային մակարդակում։ Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են տարբեր ձևաչափերով և միջազգային կազմակերպություններում»,- ասել է Բոճորիշվիլին՝ շեշտելով փոխադարձ հարգանքի և ամուր բարեկամության վրա հիմնված հարաբերությունները։
Վրաստանի արտգործնախարարը հայտնել է նաև, որ առաջիկայում սպասում են ՀՀ նախագահի այցին։







