Իրանում մայիսի 16-ից՝ շուրջ եռամսյա դադարից հետո կբացվեն հանրակրթական դպրոցները։ Այս մասին մայիսի 12-ին Իրանի հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է կրթության նախարար Հաջի Միրզային։ Նա հավելել է, որ հաջորդ շաբաթ կարող են անցկացվել նաև դպրոցների ավարտական քննությունները։
Միևնույն ժամանակ, երկրի բոլոր դպրոցները հատուկ հրահանգներ կստանան առողջապահության նախարարությունից և պարտավորված կլինեն հետևալ դրանց՝ դասերը վերսկսելուց հետո։
Իրանում հանրակրթական դպրոցները փակվել էին 2020թ․ փետրվարի վերջին՝ կորոնավիրուսի համաճարակի բռնկման պատճառով։ Ուսումը աշակերտները շարունակում էին ստանալ հեռավար եղանակով՝ հատուկ այդ նպատակով ստեղծված SHAD բջջային հավելվածի օգնությամբ։ Բացի այդ, դպրոցների փակվելուց անմիջապես հետո երկրի հեռուստատեսությամբ ևս սկսել էին ամենօրյա ռեժիմով կրթական հաղորդումներ հեռարձակել։
Ընդհանուր առմամբ Իրանում ծրագրում են փուլ առ փուլ դուրս գալ կարանտինային ռեժիմից արդեն մուսուլմանների սրբազան ռամադան ամսվա ավարտից՝ մայիսի 25-ից հետո։ Այդ համատեքստում առաջին հերթին կբացվեն բոլոր մզկիթներն ու աղոթատեղիները, ինչպես նաև՝ ռեստորաններն ու վարսավիրանոցները։
Որոշ «սպիտակ» գոտիներում սահմանափակումների մեծ մասն արդեն իսկ հանվել է։ Մի շարք քաղաքներում մզկիթները գործում են։ Բաց են առևտրի կենտրոնները, չեղարկվել են միջմարզային տեղաշարժի սահմանափակումները։
Հիշեցնենք, որ Իրանը մեկն էր այն առաջին երկրներից, որտեղ մեծ արագությամբ տարածվեց Չինաստանից սկիզբ առաջ կորոնավիրուսի համավարակը։ Մայիսի 12-ի դրությամբ Իրանում վարակվածների թիվն անցել է 11․000-ից, վիրուսից մահացել է առնվազն 6․733 մարդ։