Վրաստանի հայ համայնքը հաղորդագրություն է տարածել՝ ահազանգելով այն մասին, որ Շամխորեցոց Սուրբ Աստվածածինը (կամ Կարմիր Ավետարան) շուտով կդառնա անհասանելի և շենքերով շրջապատված:

Ըստ հայտարարության՝ մտավախություն կա առ այն, որ ոչ ոք չի պատրաստվում վերականգնել այս եկեղեցին կամ վերադարձնել տիրոջը, մինչև այն վերջնականապես փլվի և նմանվի Թբիլիսիի Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցուն, որը վերջնականապես ավերվել է հորդառատ անձրևներից։

Հայտարարության մեջ հիշեցվել է, որ 2016 թվականին եկեղեցու արևելյան պատից հինգ մետր հեռավորության վրա մեկնարկել է բարձրահարկ հյուրանոցի շինարարությունը, որը, թեև մեծ դժգոհություն էր առաջացրել հասարակության շրջանում, սակայն, բարձրաձայնվող մտահոգություններն ու դժգոհությունը ցանկալի արդյունքի չհանգեցրին։

«Կառուցվել է հյուրանոց, որը բացի եկեղեցու հիմքը վնասելուց, լուրջ վտանգ է դարձել պատմամշակութային կոթողի մնացորդների համար և այդ շինարարության կառուցման պատճառով կորցնում է իր ճարտարապետական արժեքը»,- ասված է հայտարարության մեջ:

Հայտարարությունը հիշեցրել է, որ 2018 թվականին կիրակնօրյա մեկ պատարագից հետո, Հավլաբարի Էջմիածնի եկեղեցու մի խումբ հավատացյալներ խաղաղ երթով շարժվեցին դեպի Կարմիր Ավետարան եկեղեցի, որտեղ եկեղեցու պատի մոտ տեղի ունեցավ մոմավառություն և աղոթք։

«Ցավոք, պետք է նշել, որ այսօր այս պատը նույնպես անմատչելի է մի յողմից հյուրանոցի պահակային սենյակն է, մյուս կողմից հավանաբար նույն հյուրանոցի կայանատեղին, իսկ պատի երկայնքով տնկված եղևնիները` բավականին մեծացել են, ինչպես բարձրությամբ, այնպես էլ լայնությամբ»,- ահազանգում է հայկական համայնքը:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here