Իսրայելի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հաջողությամբ փորձարկել է ռազմածովային պաշտպանության նոր «C-Dome»  համակարգը:

«Համակարգերը, որոնք մենք արտադրում ենք, թույլ են տալու մեզ գործել տարածաշրջանում իրանամետ խմբավորումների դեմ և պաշտպանվել նրանց սպառազինության համակարգերից, որոնք մշտապես արդիականացվում են», — ասել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը:

Նշենք, որ  «C-Dome» համակարգը «Երկաթյա գմբեթի» ռազմածովային տարբերակն է, որը վերջին տասնամյակում օգտագործվել է Գազայի հատվածից արձակված հրթիռները խոցելու համար։ «C-Dome»-ը տեղադրվել է Իսրայելի վերջին սերնդի կորվետային ռազմանավերի վրա, որոնք պաշտպանում են Իսրայելի առափնյա գիծը և Միջերկրական ծովում բնական գազի օֆշորային ակտիվները: Այս նոր համակարգի կիրառմամբ հնարավոր է որսալ ամեն ինչ՝ հեռահար հրթիռներից մինչև փոքր հեռահարության հրթիռներ:

Ուշագրավ է, որ այս փորձարկումը տեղի է ունենում տարածաշրջանում ընդհանուր լարվածության բարձրացման ֆոնին: Մի կողմից Լիբանանում գործող «Հեզբոլլահ» կուսակցությունը (որն Իսրայելի պնդմամբ աջակցություն է ստանում Իրանից) անցած շաբաթ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի օդային տարածքը: Իսկ մյուս կողմից ենթադրվում է, որ Իրանը մոտ է համաշխարհային տերությունների հետ նոր միջուկային համաձայնագրի ստորագրմանը, որը նրան հնարավորություն կտա ազատվել պատժամիջոցներից: Իսրայելը դեմ է այդ գործարքին և մտավախություն ունի, որ Իրանը նոր ստեղծված միջոցները կարող է տրամադրել «Հեզբոլլահի» նման այլ իրանամետ խմբավորումների:

Մեկնաբանել

Please enter your comment!
Please enter your name here