Կիպրոսի նախագահ. «Թուրքիան վերածվում է ծովահենային պետության»

208

Կիպրոսը քննադատում է Թուրքիայի ապօրինի գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում:

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հայտարարել է, որ Թուրքիան վերածվում է ծովահենային պետության, այն բանից հետո, երբ Թուրքիան հայտնել է Կիպրոսի ջրեր նոր հորատող նավ ուղարկելու ծրագրերի մասին: Այս մասին հայտնում է «Cyprus Mail»-ը:

«Արևելյան Միջերկրական ծովում Թուրքիան վերածվում է ծովահենային պետության: Չնայած էներգետիկ փոխգործակցությանը, որը ստեղծվել էր տարածաշրջանում, Թուրքիան պնդում է միջազգային անօրինության ուղու մասին»,- նշված է Կիպրոսի նախագահի հայտարարության մեջ:

Կիպրոսը և Հունաստանը վիճարկում են տարածաշրջանում Թուրքիայի հավակնությունները: Թուրքիան պնդում է, որ միջազգայնորեն ճանաչված Կիպրոսի կառավարության՝ գազի և նավթի որոնման փորձերը թուրք կիպրոսցիների իրավունքների խախտում են:

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզն ավելի վաղ հայտարարել էր, որ «Yavuz» հորատման նավը տեղակայվելու է Կիպրոսում` հորատման աշխատանքներ իրականացնելու համար:

Եվրահանձնաժողովում արտասահմանյան գործերով ներկայացուցիչ Պիտեր Ստանոն նույնպես դատապարտել է Թուրքիայի ծրագրերը՝ հայտարարելով, որ այս քայլը խախտել է երկխոսության պայմանները:

«Բարեխիղճ միջավայրի ստեղծման կոնկրետ քայլեր են անհրաժեշտ, որոնք կնպաստեն երկխոսությանը: Ավելի ընդարձակ շրջանում Թուրքիայի` որոնողական և հորատման աշխատանքներ սկսելու մտադրությունը, ցավոք, ընթանում է հակառակ ուղղությամբ»,- ասել է Ստանոն: