06-04-2026 / 00:12
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Թուրքիան OECD-ի դասակարգմամբ՝ արդեն ծերացող երկիր է

2025/12/25 13:05
Թուրքիա, Հասարակություն

Վերջին տարիներին Թուրքիան արագորեն մտնում է ժողովրդագրական խորքային փոփոխությունների փուլ, որը բնութագրվում է բնակչության ծերացման կայուն և շարունակական աճով։ Երկիրը, որը տասնամյակներ շարունակ ընկալվել է որպես երիտասարդ բնակչություն ունեցող պետություն, այսօր կանգնած է այնպիսի մարտահրավերների առաջ, որոնք առավել բնորոշ են զարգացած, բայց ծերացող հասարակություններին։ Այս գործընթացը պայմանավորված է միաժամանակ մի քանի գործոններով և արդեն իսկ զգալի ազդեցություն է թողնում երկրի սոցիալական, տնտեսական և քաղաքական համակարգերի վրա, գրում է ermenihaber.am-ը։

Եթե Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից հետո «Ankara University Ageing Studies Center»-ի և «Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի» (TÜİK) կողմից կատարված առաջին մեծածավալ հետազոտության տվյալներով՝ 1935-ին 65-տարեկան և ավելի տարիք ունեցող մարդկանց տոկոսը Թուրքիայի բնակչության կազմում եղել է մոտավորապես՝ 3.9%, որը համարվում է բոլոր ժամանակներում ամենացածր ցուցանիշը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ, ապա «TÜİK»-ի արդեն վերջին տվյալների համաձայն՝ 2024-ին 65 և բարձր տարիքի բնակչության թիվը գերազանցել է 9 միլիոնը՝ կազմելով ընդհանուր բնակչության շուրջ 10.6 տոկոսը։

Սա առաջին դեպքն է, երբ տարեցների մասնաբաժինը Թուրքիայում անցնում է երկնիշ շեմը, ինչի արդյունքում էլ երկիրը «Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) դասակարգմամբ համալրում է «ծերացող հասարակություն» ունեցող երկրների շարքը։ Ժողովրդագրական կանխատեսումները ցույց են տալիս, որ այս միտումը ժամանակավոր չէ․ եթե 2023-ին Թուրքիայում միջին տարիքը համարվում էր 34-ը, ապա 2050-ին կհամարվի՝ 44․8-ը, 2075-ին՝ 51․5-ը, իսկ 2100-ին՝ 52․2-ը։

Այս արագ ծերացման հիմնական պատճառներից մեկը ծնելիության ցուցանիշի կտրուկ անկումն է։ Եթե 2000-ականների սկզբին Թուրքիայում ծնելիության մակարդակը դեռևս ապահովում էր բնականոն սերնդափոխությունը, ապա վերջին տարիներին մեկ կնոջ հաշվով պտղաբերության ինդեքսը (Fertility rate) կազմում է 1.62 կենդանի ծնունդ, ինչը ցածր է համաշխարհային միջինից՝ 2.31-ից և սերնդափոխության համար անհրաժեշտ ամենացածրից՝ 2․1-ից։

«TÜİK»-ի տվյալներով՝ 2025-ի 7 ամսում Թուրքիայում ծնվել է 503․765 երեխա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 8․3 տոկոսով քիչ է։ Նույն ժամանակահատվածում աճել է նաև մահացությունների քանակը, սակայն շատ ավելի նվազ տոկոսով՝ 0․7-ով։ Այս պարագայում Դոցենտ Էմրե Բիրինչի «Կյանքի տևողությունը այս դարում միջինում աճել է 30 տարով» խոսքերը դառնում են էլ ավելի ակտուալ․ երբ նվազում է պտղաբերության և ծնելիության մակարդակը, իսկ կյանքի տևողությունն աճում է, ապա երկրում տարեցներն էլ ավելի մեծ թիվ են կազմում։ Առողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնումը և բժշկական տեխնոլոգիաների զարգացումը բերել են նրան, որ կյանքի միջին տևողությունը հասել է 78․1 տարվա։

Կյանքի թանկացումը, քաղաքային կենսակերպի տարածումը, ինչպես նաև կանանց կրթական և մասնագիտական կենսակերպի աճն էլ զգալիորեն նվազեցրել են բազմազավակ ընտանիքների թիվը։ Այս ֆոնին պետական կոչերն ու գաղափարական շեշտադրումներն ընտանիքի ավանդական մոդելի պահպանման վերաբերյալ առայժմ չեն հանգեցրել նկատելի ժողովրդագրական շրջադարձի։

Բնակչության ծերացման հետևանքներն արդեն իսկ զգացվում են երկրի սոցիալ-տնտեսական համակարգում։ Աշխատունակ բնակչության մասնաբաժնի նվազումը մեծացնում է սոցիալական ապահովության և նպաստների/թոշակների համակարգի բեռը։ Աճում է տարեցների կախվածության գործակիցը, ինչը նշանակում է, որ ավելի փոքր թվով աշխատող ապահովում է ավելի մեծ թվով թոշակառուների սոցիալական կարիքները։ Բացի այդ, մեծանում են առողջապահական ծախսերը և երկարատև խնամքի պահանջարկը։

Այս իրավիճակում Թուրքիայի իշխանությունները վերջին տարիներին սկսել են ձեռնարկել մի շարք քայլեր՝ ուղղված ինչպես ծնելիության խթանմանը, այնպես էլ տարեցների սոցիալական ակտիվության բարձրացմանը (Active aging index)։ 2025 թվականը հայտարարվել էր «Ընտանիքի տարի», որի շրջանակում նախատեսվում են ֆինանսական աջակցության ծրագրեր՝ երիտասարդ ընտանիքների համար, ինչպես նաև արտոնյալ վարկային մեխանիզմներ և ծննդաբերության հետ կապված սոցիալական նպաստների ընդլայնում։ Պաշտոնական մակարդակով ցածր ծնելիությունը նույնիսկ հաճախ ներկայացվում է որպես ազգային անվտանգության և տնտեսական ապագայի սպառնալիք։ Նմանատիպ հայտարարություններով հայտնի է անձամբ Թուրքիայի առաջին դեմքը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Չնայած նման քայլերին՝ համեմատական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Թուրքիան այս ոլորտում դեռևս զգալիորեն հետ է մնում եվրոպական միջին ցուցանիշներից, իսկ իրականացվող ծրագրերը հիմնականում ունեն սահմանափակ ընդգրկում․ «TÜİK»-ի տվյալներով՝ Թուրքիայում 2024-ին «Active Aging Index»-ը եղել է 29.7, մինչդեռ եվրոպական երկրներում այն կազմել է մոտ 36.8։ Սա ցույց է տալիս, որ տարեցների ակտիվ զբաղվածությունն ու սոցիալական կյանքին մասնակցությունը Թուրքիայում դեռևս զգալիորեն ցածր են Եվրոպայում գրանցված միջին ցուցանիշներից։

Ընդհանուր առմամբ, Թուրքիայի բնակչության ծերացումը հանդիսանում է կառուցվածքային և ոչ մեկ օրում ծագած խնդիր կամ գործընթաց, որը հնարավոր է կանխել միայն կարճաժամկետ ֆինանսական խթաններով կամ գաղափարական հայտարարություններով։ Փորձագիտական շրջանակներում լայնորեն ընդունված է այն տեսակետը, որ արդյունավետ հակազդեցությունը պահանջում է համապարփակ մոտեցում՝ ներառելով կրթական քաղաքականությունը, աշխատաշուկայի ճկունությունը, բնակարանային հասանելիությունը և կանանց սոցիալ-տնտեսական դերակատարության վերանայումը։ Առանց նման խորքային բարեփոխումների Թուրքիան առաջիկա տասնամյակներում ստիպված կլինի բախվել ծերացող հասարակությանը բնորոշ տնտեսական և սոցիալական լուրջ մարտահրավերների։

Հեղինակ՝ Տեր-Կարապետյան Անդրանիկ

Նախորդ Լուրը

6 ամսով կարգելվի Հայաստանից ցորենի, գարու, հնդկացորենի, եգիպտացորենի, ձեթի արտահանումը

Հաջորդ Lուրը

Հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ սիմվոլիկ ու ոչ սիմվոլիկ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյան

Այլ Լուրեր

Կարևոր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026
Ադրբեջան

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026
Ադրբեջան

Թուրքիայի փոխնախագահը հանդիպել է Ալիևի հետ

02/04/2026
Հաջորդ Lուրը

Հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ սիմվոլիկ ու ոչ սիմվոլիկ կոնկրետ քայլեր պետք է տեղի ունենան. Փաշինյան

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Պետությունն ամբողջությամբ կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանների ձեռքբերումը և տան կառուցումը

03/04/2026

Ադրբեջանն ու Թուրքիան Կարսում զորավարժություն կանցկացնեն

03/04/2026

ՌԴ-ն դատապարտել է Թեհրանի Սուրբ Նիկողայոս ռուսական տաճարին հասցված ավիահարվածը

03/04/2026

Ընթացիկ տարվա մարտին ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%

03/04/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)