ANKA լրատվական գործակալությունն անդրադարձել է առանց միջնորդների՝ ուղիղ ցամաքային առևտուր անելու Թուրքիան և Հայաստանը համաձայնությանը։ Գործակալությունը նշել է, որ այս թեմայի վերաբերյալ մեկնաբանություն է տվել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնյան՝ հայտնելով, որ իրենք դրական են վերաբերվում ուղիղ առևտրի զարգացմանը։ Ըստ ANKA -ի՝ պաշտոնյան նշել է․
«Մենք ունենք որոշ ֆորմալ գործողություններ, որոնք պետք է ավարտվեն, որից հետո էլ կսկսվի (ուղիղ առևտուրը Վրաստանով)։ Մենք սա դրական ենք գնահատում, քանի որ նոր քայլ է։ Արվում է մի բան, որը երկար ժամանակ չէր արվել։
Մենք թույլատրել էինք օդային առևտուրը։ Հիմա այն նաև ցամաքային ճանապարհով կիրականացվի Վրաստանի միջով։ Մենք հույս ունենք, որ ապագայում, աստված տա, եթե սահմանը բացվի, այն (առևտուրը) նաև ուղիղ կանցնի Թուրքիայից դեպի Հայաստան։ Բոլոր փաստաթղթերում որպես վերջնակետ երկիր կարող է գրվել Հայաստանը»։
Ըստ գործակալության՝ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմում է մոտավորապես 300-350 մլն դոլար։
Թեմայի վերաբերյալ գնահատականներ է տվել Թուրք-հայկական գործարար զարգացման խորհրդի փոխնախագահ Նոյան Սոյաքը։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև առևտրի մոտ 99 տոկոսը կազմում է Թուրքիայից Հայաստան արտահանումը։ Ըստ Սոյաքի՝ Թուրքիայից Հայաստան ուղարկվող ապրանքների համար Վրաստանում վերաարտահանման ձևակերպումները գոյացնում են 10-15 տոկոս լրացուցիչ ծախս, քանի որ պետք է ստեղծվի վրացական ընկերություն, որը կլինի գնորդը և կրկին կվերարտահանի։
Իսկ այժմ թեև փոխադրումը կլինի Վրաստանով, բայց բոլոր փաստաթղթերում Հայաստանը կարող է գրվել որպես վերջնական նպատակակետ երկիր։
Այսպիսով, ըստ Սոյաքի, 10-15 տոկոս հավելյալ ծախսը կմնա կամ թուրք արտահանողին կամ Հայաստանում ներմուծողին։
Հետևաբար, Սոյաքը կարծում է, որ գները կէժանանան, ինչն էլ կարող է հանգեցնել առևտրի ծավալի աճի։








