Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը մասնակցել է թուրքական ILKE TV-ի «Աշխարհի վիճակը» հաղորդումանը, , որի ընթացքում Բագրատ Էստուկյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերություններին, սահմանի հնարավոր բացմանը, երկու երկրների միջև ազատ առևտրի իրականացման հնարավորությանը։
Ըստ Էստուկյանի՝ ժամանակին հարաբերությունների համար հնարավորություններ եղել են, սակայն Էրդողանից առաջ գործող կառավարությունները, մասնավորապես՝ Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելի առաջնորդած աջ քաղաքական ուժերն էլ չկարողացան օգտագործել Հայաստանի հետ հարաբերություններում ստեղծված հնարավորությունները։ Եթե դրանք ճիշտ գնահատվեին, այսօր շատ տարբեր իրավիճակ կլիներ։ Ըստ Էստուկյանի՝ Թուրքիա-Հայաստան հարաբերությունները կարող էին կարգավորվել, իսկ Թուրքիա-Ադրբեջան հարցերն էլ կարող էին լուծվել ավելի կառուցողական հարթակում։ Սակայն երկու կողմերում էլ ազգայնական տրամադրությունները գերակշռեցին։ Հայաստանում և Ադրբեջանում փոխզիջման պատրաստակամությունը սահմանափակվեց, ինչն էլ դժվարացրեց երկխոսությունը։
Էստուկյանը հիշեցրել է, որ Թուրքիան Ադրբեջանին աջակցելու նպատակով Հայաստանի նկատմամբ կիրառեց առևտրային արգելք և փակեց սահմանները։ Սակայն իրականում թուրքական ապրանքները անուղղակի ճանապարհներով հասնում են հայկական շուկա՝ Վրաստանի միջոցով։ Ըստ Էստուկյանի՝ այժմ բանակցություններ են ընթանում սահմանի բացման ուղղությամբ, սակայն բանակցությունների կարիք չկա և Թուրքիան որ միակողմանիորեն է փակել սահմանը, կարող է մեկ որոշմամբ էլ բացել։ Նա նշել է, որ Հայաստանը ցույց է տվել, որ պատրաստ է այդ քայլին՝ հիշեցնելեով, որ մեկ տարի առաջ ՀՀ էին այցելել թուրք լրագրողները, որոնք այցելել էին սահման և տեսել, որ հայկական կողմում ամեն ինչ պատրաստ է։ Էստուկյանն ընդգծել է, որ ադրբեջանական գործոնը և քաղաքական հավասարակշռությունները ազդում են, խոչընդոտում են այս գործընթացը՝ մատնանշելով, որ Ադրբեջանը թույլ է տալիս, որ իր տարածքով Հայաստան հեղուկ գազ, հացահատիկ ուղարկվի, սակայն խոչընդոտում է Թուրքիա-Հայաստան սահմանի բացմանը։







