ԱՄՆ զինված ուժերը լիարժեք պատրաստվածության են բերվել Իրանին հնարավոր հարված հասցնելու համար, որը կարող է տեղի ունենալ արդեն այս շաբաթ: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան իր աղբյուրներին:
Կայքը նշում է, որ ԱՄՆ նախագահը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Ըստ լրատվամիջոցի՝ Սպիտակ տունն արդեն ստացել է զեկույց այն մասին, որ Մերձավոր Արևելքում օդային և ծովային միջոցների զգալի համալրումից հետո զինվորականները պատրաստ են գործողությունների, սակայն աղբյուրները նշում են, որ Թրամփը ներքին քննարկումների ժամանակ թե՛ կողմ, թե՛ դեմ է արտահայտվել ռազմական միջամտությանը՝ փորձելով խորհրդականների և դաշնակիցների օգնությամբ գտնել լավագույն լուծումը։
Փետրվարի 17-ին Ժնևում կայացել էր Իրան-ԱՄՆ անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը: Չնայած Իրանի գլխավոր բանագնաց, ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է «ուղենիշային սկզբունքների» շուրջ համաձայնության մասին, ամերիկյան կողմը պնդում է, որ բազմաթիվ մանրամասներ դեռևս մնում են չհստակեցված։
«Դիվանագիտությունը միշտ էլ նախագահի առաջնային ընտրությունն է, սակայն ռազմական տարբերակը մնում է սեղանին։ Կան բազմաթիվ փաստարկներ, որոնք կարող են հիմնավորել Իրանին հարվածելու անհրաժեշտությունը»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։







