«Imedi LIVE» հաղորդման ընթացքում Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին անդրադարձել է տարածաշրջանում Վրաստանի ռազմավարական դերակատարությանը և «Միջին միջանցքի» զարգացման հեռանկարներին։ Նրա խոսքով՝ Վրաստանի աշխարհագրական դիրքը երկիրը դարձնում է կարևորագույն տրանսպորտային հանգույց, և որևէ նոր ճանապարհի կամ ուղղության ստեղծումը չի կարող թուլացնել նրա դերը։ Նախարարը ընդգծել է, որ անընդունելի է խոսել Վրաստանի ռազմավարական նշանակության նվազման մասին՝ նշելով, որ Եվրոպայի համար գլխավոր կապող օղակը հենց Վրաստանն է, և ներկայումս այլընտրանք չկա։
Բոճորիշվիլին նշել է, որ Ադրբեջան-Հայաստան նոր ճանապարհների կառուցման շուրջ քննարկումները դրական են տարածաշրջանի համար, քանի որ դրանք մեծացնում են փոխկապակցվածությունը և բարձրացնում տարածաշրջանի ընդհանուր դերը։ Սակայն, նրա խոսքով, որևէ երթուղի չի կարող փոխարինել Վրաստանին, քանի որ գործող ուղին երկար ժամանակ է գործում, զարգանում է և տարեկան աճող պահանջարկ ունի Արևելք-Արևմուտք բեռնաշրջանառության շրջանակում։
Նախարարը նաև հայտարարել է, որ թեև կան փորձեր նսեմացնելու Վրաստանի ռազմավարական դերը, իրականում երկիրը պահպանում է իր կարևոր նշանակությունը համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա։ Նա հավելել է, որ Թբիլիսին դրական է վերաբերվում տարածաշրջանում նոր կապուղիների ձևավորմանը և դրանք չի դիտարկում որպես մրցակից Վրաստանով անցնող ուղիներին։








