Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված գործողությունների հետևանքով առաջացած հակամարտությունը լայն ընդգրկում է ստացել՝ անմիջականորեն ազդելով նաև Միջերկրական ծովի արևելյան հատվածի աշխարհաքաղաքական հավասարակշռության վրա։ Իրանը, ի պատասխան ամերիկա-իսրայելական ուժերի հարվածների, հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքի երկրներում (Եմենում, Քուվեյթում, Իրաքում, Կատարում և ԱՄԷ) տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ հարվածներից անմասն չմնաց նաև Կիպրոսը, որտեղ տեղակայված են բրիտանական ռազմաբազաները։
Մարտի 2-ին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտնել էր, որ Իրանից արձակված երկու անօդաչու թռչող սարք հարվածել են Կիպրոսում տեղակայված Ակրոտիրիի ռազմաբազային։ Ըստ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսի՝ իրանական արտադրության ԱԹՍ-ները արձակվել են Լիբանանից։ ԱԹՍ-ների հարվածը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բրիտանիան համաձայնել և թույլ էր տվել, որ ԱՄՆ-ն օգտագործի բրիտանական ռազմաբազաները հարվածներ հասցնելու համար։ Դեպքից անմիջապես հետո Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան և Գերմանիան հայտարարեցին, որ Կիպրոսին կտրամադրվի ռազմական աջակցություն։ Նշենք, որ եվրոպական երկրների համար Կիպրոսը համարվում է վահան՝ իր ռազմավարական դիրքի պատճառով։
Հունաստանը Կիպրոս է ուղարկել երկու ֆրեգատ և չորս միավոր «F-16» կործանիչ, իսկ Միացյալ Թագավորությունը կղզի է ուղարկել երկու «Wildcat» ուղղաթիռ, որոնք հագեցած են անօդաչու թռչող սարքերի դեմ պաշտպանական հրթիռներով։ Ֆրանսիան ուղարկել է «Շառլ դը Գոլ» ավիակիր ռազմանավը, Գերմանիան Լիմասոլի նավահանգիստ է ուղարկել «FGS Nordrhein-Westfalen» ֆրեգատը, իսկ Իտալիան և Իսպանիան ուղարկել են «Ֆեդերիկո Մարտինեգո» և «Քրիստոբալ Կոլոն» ֆրեգատները։
Տարածաշրջանային ճգնաժամի ընդլայնումը հիմք և պատեհ առիթ ընդունելով՝ վերոնշյալ երկրները կղզում ամրապնդում են իրենց ուժերն ու ներկայությունը, ինչին ուշադիր հետևում է Թուրքիան։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, նշել է, որ կղզի ուղարկվող ռազմական աջակցությունը ոչ միայն Իրանի դեմ նախազգուշական միջոց է, այլև հարմար պահ՝ թուրքական զորքերը կղզուց դուրս բերելու համար։ Հիշեցնենք, որ 1974-ին Թուրքիան օկուպացրել է կղզու հյուսիսային հատվածը և այնտեղ հռչակել Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն, որտեղ մինչ օրս տեղակայված են թուրքական զորքեր։
Դենդիասի հայտարարությունից հետո Թուրքիան, իր հերթին, կղզու օկուպացված տարածք ուղարկեց 6 միավոր «F-16» կործանիչ և ուժեղացրեց ՀՕՊ համակարգերը։ Հիշեցնենք, որ Թուրքիան վերջին անգամ «F-16» կործանիչներ էր ուղարկել Կիպրոսի հյուսիս 28 տարի առաջ՝ այն բանից հետո, երբ Հունաստանը Կիպրոսում տեղակայել էր երկու միավոր «F-16» կործանիչ։
Աշխարհաքաղաքական զարգացումները, կարելի է ասել, հիմք հանդիսացան կղզու ռազմականացման համար, և այս ամենը պետք է դիտարկել՝ հատկապես Թուրքիա-Հունաստան հարաբերությունների համատեքստում։ Հունաստանը հույս ունի, որ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները հնարավորություն կարող են ստեղծել թուրքական ռազմական ներկայությունը կղզուց դուրս բերելու համար, մինչդեռ Թուրքիան, օգտվելով իրավիճակից, ավելի է ամրապնդում իր ռազմական ներկայությունը կղզում։ Սա նաև հերթական քայլերից մեկն է, որով Անկարան ցույց է տալիս իր աջակցությունը Հյուսիսային Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությանը։
Չնայած այս քայլերը առաջին հայացքից կարող են դիտվել որպես պաշտպանական ռեֆլեքս, իրականում պատեհապաշտական դիվանագիտության միջոցով Թուրքիան ամրապնդում է իր ներկայությունը կղզու հյուսիսում և ընդլայնում իր օդային պաշտպանության ու հարձակման հնարավորությունները։ Կարելի է պնդել, որ Անկարան փորձում է կանխել այն իրավիճակը, երբ կղզու շուրջ ուժերի կուտակումը կարող է սահմանափակել կամ վտանգել իր վերահսկողությունը Կիպրոսի հյուսիսում։
Ինչու՞ Թուրքիան կործանիչներ ուղարկեց Կիպրոսի հյուսիս
1. Կիպրոսի հյուսիսը Անկարայի համար ռազմավարական նշանակություն ունի, բայց միևնույն ժամանակ խոցելի է, ուստի Թուրքիան փորձում է հավասարակշռել կղզում փոփոխվող ռազմական դինամիկան։
2. Թուրքիան ապահովագրում է իրեն և ստեղծված իրավիճակը դիտարկում որպես հնարավորություն՝ ուժեղացնելու Կիպրոսի հյուսիսային հատվածի պաշտպանությունը։
3. Անկարան մտահոգված է Կիպրոսի Հանրապետության կողմից սպառազինության ոլորտում ներդրումների ավելացմամբ և կղզին տարածաշրջանային դաշինքների միջոցով ավելի ռազմականացված գոտու վերածելու փորձերով։
4. Թուրքիան այդ քայլով փորձում է կանխարգելիչ պաշտպանություն հաստատել՝ կղզում օտարերկրյա տերությունների մշտական ներկայության և տարածաշրջանում սպառազինությունների անվերահսկելի մրցավազքի խորացման դեմ։
Կիպրոսի շուրջ ռազմական ակտիվությունը ցույց է տալիս, որ կղզին աշխարհաքաղաքական այս զարգացումների ֆոնին կրկին կարող է վերածվել տարածաշրջանային ուժերի մրցակցության կարևոր հարթակի և Միջերկրական ծովի արևելյան հատվածի ամենառազմականացված գոտիներից մեկի՝ ներգրավելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարներին։
Հեղինակ՝ Անի Գալստյան
Աղբյուր՝ Ermenihaber.am








