Կարսի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Քադիր Բոզանը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկաթուղային կապի վերագործարկման ուղղությամբ ընթացող աշխատանքները կարող են դառնալ տարածաշրջանի տնտեսության համար «պատմական շրջադարձային կետ»։
Բոզանի խոսքով՝ սահմանների հնարավոր բացումից հետո թուրքական ապրանքները Հայաստանի շուկա կհասնեն ոչ թե Վրաստանի կամ Իրանի միջոցով, այլ ուղիղ Կարսով, ինչը զգալիորեն կնվազեցնի լոգիստիկ ծախսերը և կխթանի առևտրային շրջանառությունը տարածաշրջանում։ Նրա գնահատմամբ՝ այս զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն Կարսի, այլև ամբողջ տարածաշրջանի տնտեսական ակտիվության վրա։
Նա նշել է, որ ներկայումս Հայաստանի շուկայում արդեն առկա են բազմաթիվ թուրքական ապրանքանիշեր, սակայն դրանք ներմուծվում են երրորդ երկրների միջոցով։ Նրա խոսքով՝ երկաթուղու և սահմանային անցակետերի բացումը կվերացնի միջանկյալ երթուղիները և կնպաստի առևտրային հոսքերի արագացմանը։
Բոզանը նաև հայտնել է, որ Թուրքիայի էկոնոմիկայի և արտաքին գործերի նախարարություններում ակտիվ աշխատանքներ են ընթանում Ալիջան սահմանային անցակետի ուղղությամբ՝ նշելով, որ այդ գործընթացում կան «ոգևորիչ զարգացումներ»։







