Մերձավոր Արևելքում շարունակվող լարվածությունն ու ռազմական գործողությունները ոչ միայն փոխում են տարածաշրջանի անվտանգային միջավայրը, այլ նաև նոր տնտեսական և քաղաքական հաշվարկներ են թելադրում տարածաշրջանային դերակատարներին։ Այս պայմաններում Թուրքիան փորձում է պահպանել հաշվարկված և զգուշավոր դիրքորոշում՝ խուսափելով ուղղակիորեն ներգրավվելուց պատերազմական գործողությունների մեջ։ Միևնույն ժամանակ նկատելի է, որ Անկարան առանձնապես չի շտապում հանդես գալ նաև որպես ակտիվ միջնորդ կամ խաղաղության հաստատման նախաձեռնող։
Այս վարքագիծը պատահական չէ։ Թուրքիայի քաղաքականությունը հաճախ կառուցվում է այն հաշվարկի վրա, որ երկարատև հակամարտությունները կարող են թուլացնել տարածաշրջանի մյուս խոշոր խաղացողներին՝ հատկապես Իրանին և Պարսից ծոցի մի շարք երկրների։ Երբ այդ երկրները ստիպված են իրենց տնտեսական և քաղաքական ռեսուրսները ուղղել պատերազմի կամ անվտանգության ապահովման վրա, նրանք աստիճանաբար հյուծվում են և կորցնում տնտեսական մրցունակության մի մասը։
Այդ իրավիճակը, սակայն, կարող է որոշակի հնարավորություններ ստեղծել Թուրքիայի համար։ Անկարան հաճախ փորձում է օգտվել նման ճգնաժամային պահերից՝ տնտեսական հոսքերը, ներդրումներն ու զբոսաշրջային ուղղությունները դեպի իր երկիր տեղափոխելու համար։ Այլ կերպ ասած՝ այն, ինչ մի տարածաշրջանի համար դառնում է խնդիր, Թուրքիան փորձում է վերածել իր համար հնարավորության։
Վերջին զարգացումները Պարսից ծոցի տարածաշրջանում ևս նման իրավիճակ են ստեղծում։ Մասնագետների մի մասի գնահատմամբ՝ ռազմական լարվածությունը և հրթիռային հարվածների սպառնալիքը արդեն զգալի ազդեցություն են թողնում Դուբայի տնտեսական միջավայրի վրա։ Տասնամյակներ շարունակ Դուբայը ձևավորվել էր որպես տարածաշրջանի խոշոր ֆինանսական, առևտրային և զբոսաշրջային կենտրոն։ Սակայն նրա տնտեսության կառուցվածքը մեծապես հիմնված է ծառայությունների, ֆինանսների և միջազգային կապիտալի վրա:
Այսպիսի տնտեսությունները հատկապես զգայուն են անվտանգության ռիսկերի նկատմամբ։ Նույնիսկ սահմանափակ ռազմական սպառնալիքը կարող է ազդել ներդրողների վստահության, բիզնես միջավայրի և զբոսաշրջության վրա։ Այդ պատճառով որոշ փորձագետներ արդեն նշում են, որ Դուբայում գրանցված մի շարք ընկերություններ սկսել են մտածել այլընտրանքային հարթակների մասին կամ առնվազն փորձում են դիվերսիֆիկացնել իրենց գործունեությունը։
Այդ համատեքստում որպես հնարավոր ուղղություններից մեկը քննարկվում է Թուրքիան։ Մասնավորապես նշվում է, որ Ստամբուլը կարող է փորձել իր վրա վերցնել տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի որոշ գործառույթներ։ Վերջին տարիներին Թուրքիան մեծ ներդրումներ է կատարել Ստամբուլի ֆինանսական կենտրոնի նախագծում՝ նպատակ ունենալով այն վերածել միջազգային ֆինանսական հարթակի։
Միևնույն ժամանակ, զբոսաշրջության ոլորտում ևս Թուրքիան կարող է փորձել օգտվել իրավիճակից։ Եթե անվտանգային խնդիրները շարունակեն ազդել Պարսից ծոցի զբոսաշրջային շուկայի վրա, Անթալիան և Թուրքիայի այլ հանգստավայրեր կարող են հանդես գալ որպես ավելի անվտանգ և հասանելի այլընտրանքներ միջազգային զբոսաշրջիկների համար։ Թուրքիան արդեն իսկ ունի զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքներ, մեծ հյուրանոցային ցանց և մրցունակ գներ, ինչը թույլ է տալիս արագ արձագանքել նման հնարավորություններին։
Սակայն նույնիսկ այս պայմաններում կան գործոններ, որոնք սահմանափակում են Թուրքիայի մրցունակությունը տարածաշրջանային ֆինանսական կենտրոնների հետ մրցակցության մեջ։ Որոշ փորձագետներ նշում են, որ Թուրքիան դեռևս չունի այնպիսի հարկային և կարգավորող գրավչություն, ինչպիսին տարիներ շարունակ առաջարկել է Դուբայը։ Ներդրողների համար կարևոր են կանխատեսելի հարկային միջավայրը, կայուն ֆինանսական կանոնակարգերը և երկարաժամկետ տնտեսական վստահությունը։
Այս պատճառով հաճախ նշվում է, որ եթե Թուրքիան ցանկանում է իրականում գրավել տարածաշրջանից դուրս եկող ներդրումները և միջազգային ընկերություններին, ապա պետք է իրականացնի ավելի խորքային տնտեսական և հարկային բարեփոխումներ։ Առանց այդպիսի փոփոխությունների դժվար կլինի մրցել այնպիսի տնտեսական մոդելների հետ, որոնք տարիներ շարունակ կառուցվել են միջազգային կապիտալ ներգրավելու նպատակով։
Մյուս տնտեսական հնարավորությունը հատկապես նկատելի է գյուղատնտեսության և արտահանման ոլորտում։ Վերջին տասնամյակում Ռուսաստանը իր թարմ բանջարեղենի և մրգի զգալի մասը հիմնականում գնում էր Իրանից, իսկ Թուրքիայից ներմուծումները 2015թ․ ռուս-թուրքական օդային միջադեպից հետո գրեթե նվազեցվել էին։ Սակայն ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններից հետո Իրանից մատակարարումները խափանվեցին, և ռուսական շուկան վերջին օրերին սկսել է կրկին ակտիվորեն դիմել Թուրքիային։ Անթալիայից Ռուսաստան ուղարկվող գյուղմթերքի ծավալներն աճել են․ արտահանվում են լոլիկ, պղպեղ, վարունգ, սմբուկ և այլ բանջարեղեն։ Այս զարգացումներն ընդգծում են, որ Թուրքիան, զերծ մնալով ռազմական ներգրավվածությունից, կարող է զգալի օգուտներ քաղել՝ լրացուցիչ տնտեսական հոսքեր ապահովելով և ամրապնդելով իր դիրքերը տարածաշրջանային շուկաներում։
Այսպիսով, Մերձավոր Արևելքում ընթացող հակամարտությունները միայն ռազմական կամ քաղաքական խնդիրներ չեն ստեղծում։ Դրանք նաև վերաձևում են տնտեսական քարտեզը։ Թուրքիան փորձում է այս գործընթացում զբաղեցնել հնարավորինս շահավետ դիրք՝ խուսափելով անմիջական ռազմական ներգրավվածությունից, բայց միևնույն ժամանակ օգտագործելով ստեղծված իրավիճակը տնտեսական և ռազմավարական առավելություններ ձեռք բերելու համար։
Թե որքան արդյունավետ կլինի այս ռազմավարությունը, մեծապես կախված է նրանից, թե արդյոք Թուրքիան կկարողանա իր տնտեսական համակարգը դարձնել ավելի գրավիչ միջազգային ներդրողների համար և որքան արագ կարձագանքի տարածաշրջանային փոփոխություններին։
Հեղինակ՝ Էլեն Քոքչյան
Աղբյուր՝ Ermenihaber.am








