Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր կհրապարակի ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով վճիռն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի։
ՄԻԵԴ վճիռը լինելու է նաև կարևոր և կարող է խոր հետևանքներ ունենալ բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի վրա, գրում է The Guardian-ը՝ «Ադրբեջանցի սպայի կողմից կացնահարված հայի հարազատները արդարություն են պահանջում» խորագրով հոդվածում։
Հոդվածում ներկայացվում է Բուդապեշտում անցկացվող ՆԱՏՕ-ի ուսումնամարզական ծրագրի ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից Գուրգեն Մարգարյանի սպանությունը։
«Գուրգեն Մարգարյանը սպանվեց 2004թ․-ի փետրվարին Ռամիլ Սաֆարովի կողմից. երկուսն էլ Հունգարիայի մայրաքաղաքում մասնակցում էին ՆԱՏՕ-ի անգլերենի ուսուցման եռամսյա դասընթացին:
Սաֆարովն իր դատավարության ժամանակ ասաց, որ ինքն առաջնորդվել է Հայաստանի և հայերի հանդեպ ատելությամբ՝ երկու երկրների միջև պատերազմի պատճառով: Բուդապեշտի դատարանը նրան ցմահ բանտարկեց: Այնուամենայնիվ, 2012թ․-ին Հունգարիան Սաֆարովին վերադարձրեց Ադրբեջան՝ պատիժը կրելու համար, սակայն ժամանելուն պես նրան անմիջապես ներեցին, ազատեցին և հերոսին վայել դիմավորեցին»,- Գրում է The Guardian-ը։
«Չնայած այս սարսափելի դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ, այն շարունակում է կենդանի մնալ իմ հիշողություններում», – The Guardian-ին ասել է Հայկ Մակուչյանը, որը ևս հայազգի սպա էր, որին Սաֆարովը նույնպես ցանկացել էր սպանել:
Նա և Մարգարյանի հարազատները ՄԻԵԴ-ի ներկայիս գործով հայցվորներն են: Նրանք ոչ մի կառավարությունից՝ ոչ Հունգարիայից, ոչ Ադրբեջանից չեն պահանջում ֆինանսական փոխհատուցում:
«Մենք արդարություն ենք փնտրել, այլ ոչ թե փոխհատուցում: Մեզ համար կարևոր է ծանր հանցագործությունների փաստի հաստատումը, վերջ դնել անպատժելիությանը և կանխարգելել հայերի նկատմամբ ատելությունը», – ասել է մյուս հայցվոր Մակուչյանը՝ էլեկտրոնային փոստով ուղարկված մեկնաբանություններում:
Հայցվորների փաստաբան Նազելի Վարդանյանն ասում է, որ թեև Մարգարյանների ընտանիքը գումարի խնդիր է ունեցել, սակայն նրանք հստակ ասել են, որ չեն ուզում ֆինանսական փոխհատուցում:
«Նրանք միայն արդարություն են ուզում», – ասել է Վարդանյանը:
Նշվում է, որ Սաֆարովը կացինը գնել էր տեղական խանութում, որով էլ սպանել է Մարգարյանին իր սենյակում: Դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ Սաֆարովը թիրախավորել է Մարգարյանին՝ հայ լինելու պատճառով, և որ նա չի զղջում: Նա նաև ցանկացել էր սպանել Մակուչյանին, բայց չէր կարողացել մուտք գործել փակ սենյակ։
Երբ Սաֆարովը 2012 թվականին վերադարձավ Բաքու, Նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես ներում շնորհեց՝ կոչում տվեց, անվճար բնակարան և վճարեց ութ տարվա աշխատավարձը, որը նա անցկացրել էր հունգարական բանտում: Նա, ենթադրվում է, որ դեռևս ակտիվ ծառայության մեջ է ադրբեջանական բանակում:
«Ադրբեջանի ամոթալի գործողությունը լրջորեն վտանգում է ողջ Հարավային Կովկասի անվտանգությունը։ Հանցագործին հերոս դարձնելն անընդունելի է», – ասել էր Հայաստանի այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը՝ Սաֆարովին ազատվելուց անմիջապես հետո:
Ինչպես գրում է Guardian-ը” Եվրոպական դատարանը կարող էր Ադրբեջանին կարգադրել կրկին ձերբակալել Սաֆարովին և նրան բանտ վերադարձնել, չնայած դա նոր իրավական հիմք կլիներ այն դատարանի համար, որը սովորաբար զբաղվում է անարդար դատավճիռների վերացմամբ, այլ ոչ թե անարդար ազատ արձակուmներով։ Պետությունները պարտավոր են իրականացնել դատարանի որոշումները, բայց միշտ չէ, որ այդպես են վարվում:
«Իդեալում, մենք կցանկանայինք, որ դատարանը կարգադրի նրան տեղափոխել Հունգարիա կամ երրորդ երկիր՝ իր պատիժը կրելու համար, քանի որ Ադրբեջանում նրան որպես հերոս են վերաբերվում», – ասել է Վարդանյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի տնօրեն Ֆիլիպ Լիչը, որը նույնպես ներկայացնում է հայցվորներին, Guardian-ին ասել է, որ գործը ընդգրկում է նոր իրավական տարածքներ, և դատարանի որոշումը կարող է խորը հետևանքներ ունենալ բանտարկյալների տեղափոխման հետագա դեպքերի համար:
«Ամբողջ աշխարհում բավականին տարածված է այն փաստը, որ մարդկանց ներում է շնորհվում կամ համաներում է կատարվում քաղաքական դրդապատճառներով, բայց երբ պետությունները համաներում են կամ ներում են շնորհում, դա հաճախ խախտում է նրանց իրավապաշտպան պարտավորությունները», – ասել է Լիչը:
Հունգարիայի օմբուդսմենի 2012 թ. զեկույցում նշվում է, որ Հունգարիան չի խախտել որևէ միջազգային նորմ, բայց այնուամենայնիվ եզրակացնում է, որ Հունգարիայի կառավարությունը «այնքան էլ խելամիտ չէր՝ Ադրբեջանից որևէ երաշխիք չպահանջելով»:
Սաֆարովի արտահանձնման որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեկնել էր Բաքու: Հունգարիայի կառավարությունը հերքել է գործով խախտումների մասին մեղադրանքները:
«Հունգարիայի հետ կապված ես ունեմ հակասական զգացողություններ. երախտագիտություն Հունգարիայի դատական իշխանությանը, որը բավականաչափ ուժեղ էր արդարադատություն իրականացնելու համար … [և] հիասթափություն՝ մարդասպանին արտահանձնելու համար՝ հակառակ դատական վճիռներին ու անպատժելիության կայուն ռիսկերին», – ասել է Մակուչյանը, որն այժմ աշխատում է Հայաստանի պաշտպանության նախարարությունում: