29-05-2026 / 20:14
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian
No Result
Տեսնել բոլոր արդյունքները
Region Monitor
No Result
Տեսնել բոլոր արդյունքները

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

2026/05/29 15:43
ԱՄՆ, Անվտանգություն, Երիտասարդ փորձագետ, Իրան, Հայաստան

2025–2026 թվականներին Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտության սրումն իր ազդեցությունն է թողել Հարավային Կովկասի, այդ թվում՝ Հայաստանի վրա։ Էսկալացիայի հետևանքով առաջացել են մատակարարման և հաղորդակցության խափանումներ, էներգետիկ ու տնտեսական ռիսկեր, ինչպես նաև ուժային նոր վերադասավորումներ տարածաշրջանում։

Սույն հոդվածում կանդրադառնանք ճգնաժամի ազդեցությանը Հայաստանի վրա՝ ներկայացնելով հիմնական ռիսկերի վերաբերյալ հայկական ու արտասահմանյան վերլուծական դաշտի գնահատականները։ 

1․ Անվտանգային ազդեցություն

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտության խորացումը Հայաստանի համար առաջին հերթին ստեղծում է անվտանգային նոր մարտահրավերներ՝ պայմանավորված Հարավային Կովկասի ռազմավարական դիրքով և տարածաշրջանում առկա չլուծված հակամարտություններով։ Crisis Group-ի գնահատմամբ՝ Իրանի շուրջ աճող լարվածությունը կարող է բացասաբար ազդել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա և մեծացնել նոր էսկալացիայի ռիսկերը տարածաշրջանում։ 

Ինչպես նշվում է Caucasus Watch-ի վերլուծությունում, Հարավային Կովկասը գտնվում է միաժամանակ մի քանի աշխարհաքաղաքական բախման գծերի խաչմերուկում՝ լինելով Իրանի անմիջական հարևանությամբ և կարևոր էներգետիկ ու տարանցիկ ենթակառուցվածքների տարածքում։ Այս պայմաններում Իրանի շուրջ լայնածավալ պատերազմը կարող է արագ վերածվել ոչ միայն մերձավորարևելյան, այլև կովկասյան անվտանգության ճգնաժամի։ 

Հակամարտության հիմնական ռիսկերից մեկը կապված է Ադրբեջանի հնարավոր ներգրավման հետ։ Իրանն առանձնահատուկ զգայուն է Իսրայել-Ադրբեջան ռազմական համագործակցության նկատմամբ և Բաքվի տարածքը դիտարկում է որպես Իսրայելի հնարավոր հենակետ Իրանի դեմ գործողությունների համար։ Caucasus Watch-ի հրապարակման մեջ ընդգծվում է, որ Իրանը բազմիցս նախազգուշացրել է Ադրբեջանին՝ թույլ չտալ իր տարածքի օգտագործումը հակաիրանական գործողությունների համար, իսկ նման սցենարի դեպքում թիրախ կարող են դառնալ նաև տարածաշրջանային ենթակառուցվածքները, ներառյալ` Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը։ Հոդվածում նշվում է, որ BTC նավթամուղը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն տարածաշրջանի, այլև Իսրայելի համար, քանի որ ապահովում է Իսրայելի նավթային ներմուծումների մոտ մեկ երրորդը։ 

Le Monde-ի հրապարակման համաձայն՝ Նախիջևանում տեղի ունեցած հարվածներից հետո տարածաշրջանում զգալիորեն աճել են մտավախությունները, որ Իրան-Իսրայել հակամարտությունը կարող է տեղափոխվել Հարավային Կովկաս։ Պարբերականը նշում է, որ հատկապես խոցելի է Սյունիքի ուղղությունը, քանի որ այն հանդիսանում է Հայաստանի միակ ցամաքային կապը Իրանի հետ և միաժամանակ առանցքային հատված է տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի համար։ Նույն հրապարակման մեջ ընդգծվում է, որ ԱՄՆ-ի միջնորդությամբ ձևավորված Հայաստան-Ադրբեջան հարաբերական կայունությունը կարող է արագ խաթարվել տարածաշրջանային պատերազմի խորացման պայմաններում։ 

Իրանի համար հայ-իրանական սահմանը նաև դիտարկվում է որպես տարածաշրջանում թուրք-ադրբեջանական ազդեցության սահմանափակման կարևոր գործոն։ EVN Report-ի վերլուծության համաձայն՝ Իրանի ռազմավարական անորոշությունը և տարածաշրջանում ազդեցության պահպանման փորձերը կարող են ուժեղացնել Թեհրանի զգայունությունը Սյունիքի և հաղորդակցային նախագծերի նկատմամբ։ Այս համատեքստում «Զանգեզուրի միջանցքի» հարցը շարունակում է մնալ Իրանի անվտանգության ընկալումների կարևոր բաղադրիչներից մեկը։ 

Անվտանգային ռիսկերը պայմանավորված են նաև պատերազմի հնարավոր աշխարհագրական ընդլայնմամբ։ Special Eurasia-ի հրապարակման համաձայն՝ Իրանի, Իսրայելի և ԱՄՆ-ի միջև լայնածավալ բախման դեպքում Հարավային Կովկասը կարող է վերածվել երկրորդական ճակատի՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի և արևմտյան դերակատարների շահերի բախումը։ 

Միաժամանակ, պատերազմի պայմաններում աճում են սահմանային ապակայունացման և ռազմական միջադեպերի ռիսկերը։ Aravot-ի և Tert.am-ի հրապարակումներում նշվում է, որ տարածաշրջանային լարվածության աճը Հայաստանի համար ստեղծում է հավելյալ ճնշումներ՝ հատկապես սահմանային անվտանգության, ռազմական հավասարակշռության և արտաքին քաղաքական մանևրների տեսանկյունից։ (1,2)

Հետպատերազմյան հնարավոր զարգացումների համատեքստում մի շարք փորձագետներ նշում են նաև Իրանի դերակատարության աճի հավանականությունը Հարավային Կովկասում։ «Голос Армении»-ի հրապարակման մեջ ընդգծվում է, որ Իրանը պատերազմից հետո կարող է փորձել ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանային գործընթացներում՝ փորձելով կանխել ուժային հավասարակշռության փոփոխությունը և սահմանների վերաձևավորումը։ 

2․ Տարանցում և լոգիստիկ ուղիներ

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա հատկապես զգայուն է տարանցիկ և լոգիստիկ ոլորտում, քանի որ Հայաստանը տարածաշրջանային հաղորդակցային համակարգերում մեծապես կախված է իրանական ուղղությունից։ APRI Armenia-ի վերլուծության համաձայն՝ Իրանի շուրջ ռազմական էսկալացիան կարող է խաթարել Հարավային Կովկասի հիմնական առևտրային և տրանսպորտային ուղիները՝ մեծացնելով բեռնափոխադրումների արժեքն ու անորոշությունը։ 

Ըստ ACSES-ի 2026 թվականի քաղաքականության համառոտագրի՝ 2025 թվականին Հայաստանի ընդհանուր արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 21.4 միլիարդ դոլար, որի 9%-ը իրականացվել է Մեղրիի անցակետով։ Ընդ որում, օդային ճանապարհով փոխադրվող ոսկու և ադամանդի առևտուրը չհաշված,  Հայաստանի ցամաքային արտաքին առևտրի մոտ 11%-ն անցել է հենց Իրանի հետ սահմանով։ Նույն զեկույցի տվյալներով՝ Մեղրիով իրականացվել է Հայաստանի ցամաքային ներմուծումների 14%-ը և արտահանման 8%-ը։ Իրանի տարածքով Հայաստան են ներմուծվում ոչ միայն իրանական ապրանքներ, այլև երրորդ երկրներից եկող բեռներ, ինչը մեծացնում է Իրանի նշանակությունը որպես տարանցիկ հանգույց։ Զեկույցում ընդգծվում է, որ հատկապես էներգակիրների, շինանյութերի, սննդամթերքի և արդյունաբերական հումքի մի մասը Հայաստան է հասնում հենց իրանական երթուղիներով, իսկ ռազմական ռիսկերի աճը արդեն հանգեցրել է բեռնափոխադրումների ապահովագրական և լոգիստիկ ծախսերի բարձրացման։ Սա ցույց է տալիս իրանական ուղղության առանցքային նշանակությունը Հայաստանի տնտեսության և արտաքին կապերի համար։ Իրանի ուղղությամբ ցանկացած երկարատև սահմանափակում կարող է անմիջապես ազդել Հայաստանի ներմուծման շղթաների, սպառողական շուկայի և արդյունաբերական մատակարարումների վրա։

Հայաստանի համար իրանական ուղղությունը ոչ միայն տնտեսական, այլև ռազմավարական նշանակություն ունի, քանի որ այն երկրի արտաքին աշխարհի հետ կապող հիմնական ցամաքային ուղիներից մեկն է։ Le Monde-ի հրապարակման մեջ նշվում է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը մտահոգված են հակամարտության հնարավոր տարածմամբ և դրա ազդեցությամբ տարածաշրջանային հաղորդուղիների վրա։ Պարբերականը ընդգծում է, որ հատկապես Հայաստանի համար Իրանի հետ սահմանը կենսական նշանակություն ունի՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանների փակ լինելու հանգամանքը։ 

Պատերազմի հետևանքով արդեն նկատվում են տարածաշրջանային լոգիստիկ համակարգերի խափանումներ։ CivilNet-ի հրապարակման համաձայն՝ Իրանի օդային տարածքի մասնակի սահմանափակումները և անվտանգության ռիսկերի աճը ազդել են ավիափոխադրումների և բեռնափոխադրումների վրա, ինչն իր հերթին խնդիրներ է ստեղծել նաև Հայաստանի համար։ 

Միաժամանակ, հակամարտությունը նոր նշանակություն է տալիս Հարավային Կովկասի տարանցիկ նախագծերին։ Verelq-ի հրապարակման մեջ նշվում է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը ուժեղացրել է մրցակցությունը տարածաշրջանային հաղորդակցային միջանցքների շուրջ, հատկապես Սյունիքի հարցում։ Այս պայմաններում Հայաստանի տարածքով անցնող հնարավոր այլընտրանքային ուղիները դառնում են ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական գործոն։ 

Իրանի համար ևս Հարավային Կովկասի հաղորդուղիները ստանում են ավելի մեծ նշանակություն։ BBC Persian-ի վերլուծության համաձայն՝ Թեհրանը պատերազմի պայմաններում փորձում է պահպանել տարածաշրջանային տարանցիկ ներկայությունն ու կանխել այնպիսի նախագծերի իրականացումը, որոնք կարող են սահմանափակել իր ազդեցությունը կամ փոխել տարածաշրջանային սահմանային հավասարակշռությունը։ 

3․ Տնտեսական ազդեցություն և Էներգետիկ անվտանգություն

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտության խորացումը Հայաստանի համար առաջացնում է զգալի տնտեսական և էներգետիկ մարտահրավերներ՝ պայմանավորված Իրանի հետ առկա սերտ տնտեսական կապերով և տարածաշրջանային էներգետիկ գործընթացներից երկրի կախվածությամբ։ BBC Persian-ի վերլուծության համաձայն՝ պատերազմի հետևանքով Մերձավոր Արևելքում ձևավորված անկայունությունը արդեն ազդում է նավթի համաշխարհային շուկայի, տարանցիկ առևտրի և տարածաշրջանային տնտեսական գործընթացների վրա, ինչը զգայուն է հատկապես փոքր և ներմուծումներից կախված տնտեսությունների համար։  

ACSES-ի զեկույցի համաձայն՝ 2025 թվականին Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը գերազանցել է 737 միլիոն դոլարը, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշներից է։ Զեկույցում նշվում է, որ Իրանը Հայաստանի արտաքին առևտրի կարևոր գործընկերներից է հատկապես էներգակիրների, շինանյութերի, ցեմենտի, նավթամթերքի և գյուղատնտեսական ապրանքների ոլորտներում։ Ըստ վերլուծության՝ ռազմական գործողությունների խորացումը կարող է ազդել այդ ապրանքների մատակարարման կայունության և գների վրա՝ մեծացնելով տնտեսական ճնշումները Հայաստանի ներմուծումներից կախված տնտեսության համար։

Այնուամենայնիվ, Հայաստանի համար Իրանը շարունակում է մնալ կարևոր տնտեսական գործընկեր։ Հայաստանում Իրանի դեսպանի հայտարարության համաձայն՝ Իրանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական համագործակցությունը շարունակվում է նույնիսկ ռազմական լարվածության պայմաններում՝ կողմերի միջև տնտեսական կապերը պահպանելով ակտիվ և կայուն մակարդակի վրա։ Միաժամանակ ընդգծվում է, որ պատերազմական պայմանները կարող են ազդել բեռնափոխադրումների և տնտեսական կապերի կայունության վրա։ 

Հակամարտության տնտեսական հետևանքներից կարևորագույնը կապված է էներգակիրների գների աճի հետ։ Finport-ի հրապարակման համաձայն՝ միջազգային շուկաներում նավթի և գազի թանկացումը կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի ներքին շուկայի վրա՝ բարձրացնելով վառելիքի, տրանսպորտի և մի շարք ապրանքների գները։ 

ACSES-ի զեկույցում նշվում է, որ Հայաստանը տարեկան սպառում է շուրջ 2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ, որի մի մասը մատակարարվում է Իրանից՝ «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակում։ Թեև Իրան-Հայաստան գազատարը տեխնիկապես կարող է ապահովել տարեկան մինչև 2.3 միլիարդ խորանարդ մետր գազի թողունակություն, ներկայումս օգտագործվում է դրա միայն մի մասը։ Այս ենթակառուցվածքը Հայաստանի համար կարևոր դեր ունի էներգակիրների դիվերսիֆիկացման և ռուսական գազից կախվածության մասնակի նվազեցման տեսանկյունից, սակայն ռազմական էսկալացիան մեծացնում է գազամատակարարման խափանման ռիսկերը, հատկապես ձմեռային բարձր սպառման շրջանում։

4․ Արտաքին քաղաքականություն և դիվանագիտություն

Իրանի շուրջ պատերազմը, ըստ Crisis Group-ի, վերակենտրոնացնում է միջազգային դերակատարների ուշադրությունը Մերձավոր Արևելքի վրա՝ նվազեցնելով դիվանագիտական ակտիվությունը Հարավային Կովկասում։ Հայաստանը հայտնվում է «զգուշավոր հավասարակշռման» փուլում. անհրաժեշտ է պահպանել կապերը Թեհրանի հետ և միաժամանակ չվնասել համագործակցությունը Արևմուտքի հետ։ Future UAE-ի վերլուծությունում ընդգծվում է, որ տարածաշրջանի երկրները որդեգրել են չեզոքության քաղաքականություն՝ փորձելով չներգրավվել հակամարտային բևեռներում։

Այս ֆոնին, ԱՄՆ-ի և Եվրոպայի ակտիվացումը տարածաշրջանում՝ ուղղված Ռուսաստանի և Իրանի ազդեցության նվազեցմանը, բարդացնում է Երևանի մանևրելու հնարավորությունները։ 2026 թվականի ապրիլին Եվրամիությունը հայտարարեց Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) մանդատի ընդլայնման և անձնակազմը ավելի քան 200 աշխատակցի հասցնելու մասին՝ հիմնավորելով դա Իրանի շուրջ լարվածության ազդեցությամբ։ Եվրոպական խորհրդի հրապարակման համաձայն՝ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Եվրոպայի էներգետիկ ռազմավարության կարևոր ուղղություն, ինչը, սակայն, Թեհրանում ընկալվում է որպես արևմտյան ներկայության ուժեղացում իր սահմանների մոտ։

Միևնույն ժամանակ, ըստ Azg.am-ի, Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են օգտվել իրավիճակից՝ առաջ մղելով իրենց հաղորդակցային նախագծերը Սյունիքում։ Մյուս կողմից, Reuters-ի տվյալներով, Հորմուզի նեղուցի շուրջ ռիսկերի պատճառով եվրոպական գազի գները աճել են ավելի քան 60%-ով, ինչը ստիպում է ԵՄ-ին ավելի ակտիվ դիտարկել Հարավային Կովկասը որպես Կասպյան տարածաշրջանի հետ կապող այլընտրանքային միջանցք։ EVN Report-ի գնահատմամբ՝ Իրանի ռազմավարական անորոշությունը ստիպում է Երևանին մշտապես վերանայել իր արտաքին քաղաքական առաջնահերթությունները։

5․ Հումանիտար և սոցիալական ազդեցություն

Հայաստանի համար այս հակամարտության հումանիտար և սոցիալական հետևանքները պայմանավորված են հնարավոր միգրացիոն հոսքերով, սահմանային ճնշումներով և տարածաշրջանային անկայունության խորացմամբ։ APRI Armenia-ի վերլուծության համաձայն՝ պատերազմի երկարաձգման դեպքում Իրանից կարող են ձևավորվել փախստականների հոսքեր դեպի հարևան երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ինչը կարող է լուրջ ծանրաբեռնվածություն ստեղծել սոցիալական և առողջապահական համակարգերի վրա։  Միևնույն ժամանակ, արդեն արձանագրվում են սահմանային և տարածաշրջանային տեղաշարժեր։ ԱրմՌադիոյի պարսկերեն ծառայության տվյալներով՝ Իրանում ռազմական գործողությունների և անկայունության աճի ֆոնին որոշ քաղաքացիներ սկսել են լքել երկիրը՝ փորձելով ժամանակավորապես տեղափոխվել ավելի անվտանգ տարածքներ։ Սա վկայում է, որ նույնիսկ սահմանափակ էսկալացիան կարող է առաջացնել սոցիալական շարժունակության աճ տարածաշրջանում։ Regional Post-ի գնահատմամբ՝ Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով է պատրաստ նման ծավալի ներգաղթ ընդունելու։ 

2026 թվականի մարտին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) հայտարարեց, որ Իրանի շուրջ ռազմական լարվածության աճից հետո մինչև 3.2 միլիոն մարդ ժամանակավորապես տեղահանվել է Իրանի ներսում։ Կազմակերպության նախնական գնահատականներով՝ 600 հազարից մինչև 1 միլիոն իրանական ընտանիքներ լքել են իրենց բնակավայրերը՝ հիմնականում Թեհրանից և խոշոր քաղաքներից տեղափոխվելով երկրի հյուսիսային և գյուղական շրջաններ։ UNHCR-ը նաև ընդգծել է, որ շարունակվող ռազմական գործողությունների դեպքում տեղահանվածների թիվը կարող է շարունակել աճել՝ մեծացնելով տարածաշրջանային հումանիտար ճնշումները։

JAMnews-ի վերլուծության համաձայն՝ Իրան–Իսրայել ռազմական հակամարտության շուրջ ձևավորված տեղեկատվական և սոցիալական ընկալումները նաև ազդում են հանրային տրամադրությունների վրա տարածաշրջանում՝ առաջացնելով անհանգստություն և անորոշության զգացում, հատկապես սահմանամերձ և փոխկապակցված համայնքներում։  Հնարավոր հումանիտար ճգնաժամի ամենավտանգավոր սցենարներից մեկը կապված է լայնածավալ փախստականների հոսքերի հետ։ 

Միգրացիոն հնարավոր հոսքի վերաբերյալ զգուշացումներ են հնչել նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների կողմից։ International Rescue Committee-ի (IRC) 2026 թվականի Emergency Watchlist զեկույցում նշվում է, որ գլոբալ հումանիտար համակարգը գործում է աճող ճգնաժամերի և նվազող ֆինանսավորման պայմաններում, իսկ Մերձավոր Արևելքի և հարակից տարածաշրջանների հակամարտությունները կարող են առաջացնել նոր լայնածավալ տեղահանություններ և սոցիալական ճնշումներ սահմանային երկրների համար։ 

Այս ֆոնին Aravot-ի հրապարակումներում ևս ընդգծվում է, որ տարածաշրջանային պատերազմի խորացումը կարող է ստեղծել սոցիալական և հումանիտար նոր ճնշումներ՝ հատկապես սահմանամերձ համայնքներում և այն շրջաններում, որոնք արդեն իսկ բախվել են նախկին միգրացիոն ալիքների հետ։ 

Ամփոփում

Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտության սրացումը Հարավային Կովկասի համար ձևավորում է բազմաշերտ և փոխկապակցված ճգնաժամային միջավայր, որտեղ անվտանգային, տնտեսական, լոգիստիկ, դիվանագիտական և հումանիտար գործոնները փոխազդում են միմյանց վրա։ Վերլուծված բոլոր ուղղությունները ցույց են տալիս, որ Հայաստանի վրա ազդեցությունը կրում է ոչ թե մեկ ուղղությամբ զարգացող, այլ համակարգային բնույթ՝ ընդգրկելով պետության արտաքին և ներքին կայունության գրեթե բոլոր առանցքային ոլորտները։

  • Անվտանգային հարթությունում տարածաշրջանը հայտնվում է մեծ տերությունների մրցակցության և հնարավոր ռազմական էսկալացիայի գոտում։ Իրանի շուրջ ցանկացած լայնածավալ զարգացում անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի սահմանային անվտանգությանը, հատկապես Սյունիքի ուղղությամբ, և ուժեղացնում է տարածաշրջանային ուժային բալանսի փոփոխության ռիսկերը։
  • Տարանցիկ և լոգիստիկ ոլորտում հակամարտությունը բացահայտում է Հայաստանի բարձր կախվածությունը իրանական ուղղությունից։ Հնարավոր խափանումները կամ սահմանափակումները կարող են նվազեցնել երկրի արտաքին կապերի կայունությունը՝ միաժամանակ ուժեղացնելով մրցակցությունը տարածաշրջանային հաղորդակցային նախագծերի շուրջ։
  • Տնտեսական և էներգետիկ տեսանկյունից պատերազմը խորացնում է Հայաստանի խոցելիությունը՝ պայմանավորված էներգակիրների համաշխարհային գնաճով, ներմուծման շղթաների խափանումներով և Իրանի հետ էներգետիկ համագործակցության զգայունությամբ։ Սա կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ երկրի մակրոտնտեսական կայունության վրա։
  • Արտաքին քաղաքականության ոլորտում Հայաստանը հայտնվում է առավել բարդ հավասարակշռման փուլում՝ ստիպված լինելով միաժամանակ պահպանել հարաբերությունները Իրանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ ուժային կենտրոնների հետ։ Սա պահանջում է բարձր դիվանագիտական ճկունություն և ռիսկերի մշտական կառավարում։
  • Հումանիտար և սոցիալական մակարդակում հնարավոր միգրացիոն հոսքերը, սահմանային տեղաշարժերը և հանրային անորոշության աճը կարող են լրացուցիչ ծանրաբեռնել Հայաստանի սահմանափակ սոցիալական և ինստիտուցիոնալ կարողությունները։

Ընդհանուր առմամբ, Իրան-ԱՄՆ/Իսրայել հակամարտությունը Հայաստանի համար չի կարելի դիտարկել որպես արտաքին հեռավոր ճգնաժամ։ Այն վերածվում է անմիջականորեն ազդող ռազմավարական գործոնի, որը կարող է փոխել երկրի զարգացման արտաքին միջավայրը միաժամանակ մի քանի ուղղություններով։ Հայաստանի հիմնական մարտահրավերը ոչ միայն ռիսկերի արձանագրումն է, այլ դրանց կանխարգելման և կառավարման կարողությունների ձևավորումը՝ հատկապես էներգետիկ անվտանգության, հաղորդակցային դիվերսիֆիկացիայի և հավասարակշռված արտաքին քաղաքականության միջոցով։

Եթե հակամարտությունը երկարաձգվի կամ ընդլայնվի, Հայաստանը ստիպված կլինի գործել ավելի անկանխատեսելի տարածաշրջանային համակարգում, որտեղ կայունությունը կպահպանվի ոչ թե հաստատված կանոններով, այլ արագ փոփոխվող ուժային բալանսով։

Հոդվածի հեղինակ՝ Գրետա Լալայան, Հայ-Ռուսական համալսարան, Իրանագիտության բաժնի մագիստրատուրա 2-րդ կուրս: 

Նախորդ Լուրը

Պուտինն ու Լուկաշենկոն կարճ քննարկել են Հայաստանը ԵՏՄ գագաթնաժողովի շրջանակում․ Պեսկով

Հաջորդ Lուրը

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

Այլ Լուրեր

Անվտանգություն

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026
Հայաստան

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026
Հայաստան

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026
Հաջորդ Lուրը

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

Հետևեք մեզ տելեգրամում

Վերջին լուրեր

Նեթանյահուն հրահանգել է ընդլայնել Գազայի նկատմամբ վերահսկողությունը՝ հասցնելով այն 70 տոկոսի

29/05/2026

Պեսկովն անդրադարձել է Հայաստանի հետ գազային համաձայնագրերի չեղարկման հավանականությանը

29/05/2026

Մատենադարանում ցուցադրվում են Արտաշատի ութանիստ եկեղեցու բացառիկ գտածոները

29/05/2026

Իրան-ԱՄՆ/Իսրայել պատերազմի ազդեցությունը Հայաստանի վրա

29/05/2026
Region Monitor

Մեր մասին

RegionMonitor-ը հետևում է Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին, լուսաբանում և վերլուծում կարևորագույն իրադարձությունները։

 

Կապ: [email protected]

Հետևեք մեզ

© 2024 RegionMonitor

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

  • Հայաստան
  • Ադրբեջան
  • Իրան
  • Թուրքիա
  • Վրաստան
  • Մերձավոր Արևելք
  • Russian

© 2024 RegionMonitor

  • Русский (Russian)