Իրանի ԶՈւ Խաթամ ալ-Անբիա կենտրոնական շտաբի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին, արձագանքելով Իրանի համար ծովային շրջափակում ստեղծելու ԱՄՆ նախագահի սպառնալիքներին, հայտարարել է, որ «թշնամուն» պատկանող նավերը Հորմուզի նեղուցով անցնելու իրավունք չունեն և չեն ունենալու, իսկ մնացած նավերը, պահպանելով Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի կանոնակարգերը, կշարունակեն նեղուցով անցնելու թույլտվություն ունենալ: Փոխանցում են իրանական ԶԼՄ-ները:
«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը հստակ և վճռականորեն հայտարարում են՝ Պարսից ծոցի և Օմանի ծոցի նավահանգիստների անվտանգությունը կամ բոլորի համար է, կամ՝ ոչ մեկի:Եթե Պարսից ծոցի և Օմանի ծոցի ջրերում Իրանի Իսլամական Հանրապետության նավահանգիստների անվտանգությունը սպառնալիքի ենթարկվի, ապա Պարսից ծոցի և Օմանի ծոցի ոչ մի նավահանգիստ ապահով չի լինի»,- ընդգծել է խոսնակը:
Նա շեշտել է, որ պատերազմի ավարտից հետո ևս Իրանը Հորմուզի նեղուցի վերահսկման մշտական մեխանիզմ է կիրառելու:
Ավելի վաղ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից իրանական բոլոր նավահանգիստների ուղղությամբ սկսում է ծովային շրջափակումը։ Ըստ հայտարարության՝ սահմանափակումները կտարածվեն բոլոր այն նավերի վրա, որոնք մուտք են գործում կամ հեռանում են իրանական նավահանգիստներից և ափամերձ տարածքներից: Նշվում է, որ այն նավերը, որոնք չեն ուղևորվում դեպի իրանական նավահանգիստներ կամ չեն գալիս այնտեղից, կկարողանան ազատորեն անցնել Հորմուզի նեղուցով։








