Արաբական Միացյալ Էմիրությունները հայտարարել է, որ դուրս է գալիս Նավթ արտահանող երկրների կազմակերպությունից (ՕՊԵԿ)։ Այս մասին հայտնել է «Reuters»-ը։
ԱՄԷ էներգետիկայի նախարար Սուհեյլ Մոհամեդ ալ-Մազրուեին նշել է, որ որոշումը կայացվել է երկրի էներգետիկ ռազմավարությունների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո։ Նրա խոսքով՝ այս հարցը չի քննարկվել այլ երկրների հետ։
«Սա քաղաքական որոշում է, որը կայացվել է արտադրության ներկա և ապագա մակարդակներին վերաբերող քաղաքականությունների մանրակրկիտ վերլուծությունից հետո»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ այս լուրը մոտակա ժամանակահատվածում շուկայում զգալի ազդեցություն չի ունենա՝ կապված Հորմուզի նեղուցում առկա սահմանափակումների հետ։
«ԱՄԷ-ի դուրս գալը՝ որպես խմբի խոշոր արտադրողներից մեկի, թուլացնում է ՕՊԵԿ-ի վերահսկողությունը համաշխարհային նավթի մատակարարումների նկատմամբ և խորացնում է տարաձայնությունները ԱՄԷ-ի ու նրա հարևան Սաուդյան Արաբիայի միջև, որը փաստացի առաջնորդում է կազմակերպությունը։ Այս քայլը նաև կարող է հնարավորություն տալ ԱՄԷ-ին ավելացնել արտադրության ծավալը, երբ Ծոցի միջոցով արտահանումները վերականգնվեն, քանի որ այն այլևս չի ենթարկվի ՕՊԵԿ-ի քվոտաներին»,-գրում է «Reuters»-ը։
ԱՄԷ-ն ՕՊԵԿ-ից դուրս կգա մայիսի 1-ին։ Մազրուեին նաև նշել է, որ աշխարհում էներգիայի պահանջարկը կաճի՝ ակնարկելով, որ ԱՄԷ-ն պատրաստ է բավարարել այդ պահանջարկը։
Նշենք, որ ԱՄԷ-ն հայտարարել է, որ լքում է նաև ՕՊԵԿ+-ը։ Միջազգային էներգետիկ գործակալությունը նշել է, որ ՕՊԵԿ+-ի բաժինը համաշխարհային նավթի արտադրության մեջ մարտին նվազել է մինչև 44%՝ փետրվարի մոտ 48%-ի համեմատ։ Ակնկալվում է, որ ապրիլին և մայիսին այս ցուցանիշը կշարունակի նվազել, հատկապես հաշվի առնելով, որ չորրորդ խոշոր արտադրողը լքում է խումբը։ Միջազգային շուկաներում նավթի գները երեքշաբթի որոշ չափով նվազել են՝ ԱՄԷ-ի հայտարարությունից հետո։
Վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄԷ-ի դուրս գալը կարող է դիտվել որպես հաջողություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար, որը դեռևս 2018-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալիս մեղադրել էր ՕՊԵԿ-ին նավթի գների արհեստական բարձրացման մեջ։ Այս զարգացումը կարող է դրական լինել նաև սպառողների և համաշխարհային տնտեսության համար։








