Ապրիլի 28-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով կլոր սեղան-քննարկման շրջանակներում «Region Monitor»-ը զրուցել է «Վրաստանի Տրանսպորտային միջանցքների հետազոտական կենտրոնի» երկաթուղային փորձագետ Լևան Լոմսաձեի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում նոր տրանսպորտային երթուղիների ազդեցության, ինչպես նաև բեռնահոսքերի դիվերսիֆիկացիայի և միջազգային դերակատարների ներգրավվածության վերաբերյալ հարցեր։
Անդրադառնալով Հվ. Կովկասում նոր տրանսպորտային երթուղիների գործարկման ազդեցությանը՝ Լևան Լոմսաձեն նշել է, որ նոր երթուղները դեռ ձևավորման սկզբնական փուլում են, հետևաբար դրանց կոնկրետ ազդեցության գնահատումն այս փուլում որոշ չափով վաղաժամ է։
«Անհրաժեշտ է իրականացնել հիմնարար հետազոտություն բեռնահոսքերի վերաբերյալ՝ հասկանալու համար, թե որ հոսքերը կվերաբաշխվեն, որտեղ և ինչ ձևով կաշխատի տրանսպորտը՝ որպես լրացնող գործոն հիմնական երթուղիների, մասնավորապես՝ «Միջին միջանցքի» հետ միասին»,-նշել է Լոմսաձեն։
Խոսելով այն մասին, թե արդյոք առկա է ռիսկ, որ նոր երկաթուղային և տրանսպորտային միջանցքները կսկսեն մրցակցել՝ միմյանց լրացնելու փոխարեն, Լևան Լոմսաձեն ընդգծել է. «Մրցակցությունը, որպես կանոն, հանգեցնում է որակի բարձրացման և գների օպտիմալացման, ինչը ընդհանուր առմամբ դրական ազդեցություն է ունենում։ Այս տեսանկյունից այն կարելի է գնահատել դրական, այդ թվում՝ տարածաշրջանային կայունության և խաղաղության համատեքստում։ Միևնույն ժամանակ, առանձին դեպքերում հնարավոր է, որ որոշ բեռնահոսքեր տեղափոխվեն նոր երթուղիներ, սակայն այլ սցենարներում դրանք կարող են երկրորդային դեր կատարել։ Այդ պատճառով կարևոր է դիտարկել ամբողջական պատկերը տարածաշրջանի մակարդակով։ Իմ գնահատմամբ՝ նոր երթուղիները կարող են ավելի շատ մրցակցել Կարս-Ախալքալաք երկաթուղու հետ, քան Վրաստանի նավահանգիստներով անցնող հիմնական միջանցքի։ Այնուամենայնիվ, դրանց գործարկումը անխուսափելիորեն կհանգեցնի որոշակի դիվերսիֆիկացիայի»,- ասել է փորձագետը։
Զրույցում անդրադառնալով Փոթիի և Անակլիայի նավահանգիստների պատրաստվածությանը՝ Լոմսաձեն նշել է, որ Վրաստանի նավահանգիստները՝ մասնավորապես Փոթին և Բաթումին, արդեն իսկ կարևոր դեր ունեն ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Նրա խոսքով՝ Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցումը կարող է էապես մեծացնել բեռնահոսքերի ներգրավման հնարավորությունները։ Միաժամանակ նա շեշտել է, որ առանց հիմնարար հետազոտությունների կոնկրետ թվեր ներկայացնելը ճիշտ չէ, քանի որ դա կլինի միայն ենթադրություն։ Այս առումով անհրաժեշտ է տարածաշրջանային մակարդակով իրականացնել բեռնահոսքերի համապարփակ ուսումնասիրություն, որը կծառայի որպես հիմք հետագա ռազմավարական որոշումների համար։ Նա նաև ընդգծել, որ Անակլիայի նավահանգիստը կարևոր նշանակություն ունի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի, Ադրբեջանի և առհասարակ միջանցքից օգտվող բոլոր կողմերի համար։
Վերջում գնահատելով միջազգային, այդ թվում՝ արևմտյան և ամերիկյան ընկերությունների մասնակցությունը Հարավային Կովկասում լոգիստիկ շղթաների զարգացմանը՝ փորձագետը շեշտել է. «Լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում այդ ընկերությունների ներգրավվածությունը միանշանակ դրական է։ Դա նպաստում է մրցակցության աճին, ծառայությունների որակի բարձրացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը։Հատկապես կարևոր է նշել, որ արևմտյան խոշոր արտադրողներ, ինչպիսիք են Alstom-ը և Wabtec-ը, արդեն մուտք են գործել 1520 մմ լայնության երկաթուղային շուկա՝ առաջարկելով նոր լոկոմոտիվներ և վագոններ։ Սա նոր հնարավորություններ է ստեղծում շուկայի համար և միաժամանակ բարձրացնում պահանջները. նրանց համար, ովքեր ձգտում են աշխատել արդյունավետ և մրցունակ պայմաններում, սա և՛ մարտահրավեր է, և՛ հնարավորություն»։







