Մայիսի 11-ից Հայաստանում պաշտոնապես հասանելի է դարձել YouTube-ի Գործընկերային ծրագիրը (YouTube Partner Program-YPP), որի շնորհիվ հայաստանյան բովանդակություն ստեղծողները կարող են դրամայնացնել իրենց ալիքները և ստանալ եկամուտ հարթակում հրապարակվող նյութերից, հայտնում է ԲՏԱ նախարարությունը:
Մայիսի 11-ից ընկերության չափանիշներին համապատասխանող հայաստանյան բովանդակություն ստեղծողները, որոնք ունեն առնվազն 1000 բաժանորդ, նախորդ 365 օրվա ընթացքում հիմնական տեսանյութերի 4000 ժամ կամ նախորդ 90 օրվա ընթացքում կարճ տեսանյութերի 10 միլիոն դիտումներ, կարող են դիմել YouTube-ի Գործընկերային ծրագրին և սկսել դրամայնացնել իրենց ալիքները՝ գովազդից ստացվող եկամուտների միջոցով:
«Այսօր կարևոր առաջընթաց է Հայաստանի ստեղծարար և թվային տնտեսության համար։ Մենք ողջունում ենք YouTube-ի որոշումը՝ հայկական բովանդակություն ստեղծողների համար YouTube-ի Գործընկերային ծրագիրը հասանելի դարձնելու վերաբերյալ: Երկար սպասված այս փոփոխությունը նոր հնարավորություններ է ստեղծում դրամայնացման համար, լսելի է դարձնում տեղական բովանդակությունը և աջակցում թվային ձեռնարկատերերի նոր սերնդի ձևավորմանը»,- հայտարարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:







