Հայաստանի օդային տարածքով իրականացվող տարանցիկ թռիչքների թիվն աճել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի և այդ երկրի օդային տարածքի սահմանափակումների հետևանքով։ Արդյունքում ավելացել են նաև աերոնավիգացիոն սպասարկման դիմաց ստացվող եկամուտները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը «Sputnik Արմենիայի» գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել է, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ի տվյալներով՝ 2026 թվականի մարտի 1-ից ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքով տարանցիկ թռիչքների թիվը հունվար-փետրվարի համեմատ օրական միջինը աճել է 43 չվերթով։
Գերատեսչության փոխանցմամբ՝ աճել են նաև մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող եկամուտները։
«2026 թվականի մարտ ամսվա ընթացքում մայրուղային թռիչքների աերոնավիգացիոն սպասարկման դիմաց հաշվեգրվող միջին օրական հասույթը կազմել է 30 374,04 եվրո, մինչդեռ 2026 թվականի հունվարին այն եղել է 29 253,30 եվրո»,- նշված է նախարարության պատասխանում։
Այսպիսով, Հայաստանի օդային տարածքով թռիչքների սպասարկումից ստացվող օրական միջին հասույթն աճել է ավելի քան 1100 եվրոյով։ ՏԿԵՆ-ից նաև հայտնել են, որ ապրիլ ամսվա ամբողջական տվյալները կամփոփվեն և կհրապարակվեն մայիսի երկրորդ կեսին։
Մասնագետների գնահատմամբ՝ տարածաշրջանային օդային երթուղիների փոփոխությունները կարող են ժամանակավորապես մեծացնել Հայաստանի դերակատարությունը որպես տարանցիկ օդային միջանցք՝ հավելյալ եկամուտներ ապահովելով ավիացիոն ոլորտում։








