Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանը ներառել է այն երկրների շարքում, որտեղ ռուսաստանցիները կարող են բախվել ձերբակալման և ԱՄՆ արտահանձնման ռիսկի։ Այս մասին «РИА Новости»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ մմարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության ղեկավար Գրիգորի Լուկյանցևը։
Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներ, ոչ միայն Եվրոպական միությունում, այլև ավելի լայն շրջանակում, ունեն արտահանձնման վերաբերյալ պարտավորություններ, ինչը պետք է հաշվի առնել արտերկիր մեկնելուց առաջ։
«Այս ամենը պետք է նկատի ունենալ այն ռիսկերը գնահատելիս, որոնց մարդիկ կարող են բախվել արտասահման մեկնելու դեպքում»,- նշել է Լուկյանցևը։
Դիվանագետը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ-ն չի որոշում՝ որ երկրներ կարելի է այցելել, և որոնք՝ ոչ։ Սակայն գերատեսչությունը կարող է խորհուրդ տալ խուսափել որոշ երկրներից, եթե քաղաքացիները կարծում են, որ կարող են խնդիրներ ունենալ ամերիկյան կամ եվրոպական իշխանությունների հետ։
ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ԱՄՆ հարցումներով ռուսաստանցիների ձերբակալման բարձր ռիսկ ունեցող երկրների շարքում են Եվրոպայի և Լատինական Ամերիկայի մեծ մասը, ինչպես նաև Ավստրալիան, Կանադան, Հայաստանը, Իսրայելը, Մալդիվները, Հարավային Կորեան, Սինգապուրը, Թաիլանդը, Ֆիջին, Շրի Լանկան, Լիբերիան և Մարոկկոն։








