Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովի շրջանակում «Press TV»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին և առկա լարվածությանը։
Նախարարի պնդմամբ՝ Հորմուզի նեղուցն ավելի շատ տուժում է Վաշինգտոնի շրջափակումից։ «Մեր տեսանկյունից՝ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար, սակայն դրանք պետք է համագործակցեն մեր ռազմածովային ուժերի հետ»,- հայտարարել է Արաղչին։
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Թեհրանը որևէ խոչընդոտ չի ստեղծել նավարկության համար։ Նա ողջ պատասխանատվությունը բարդել է ԱՄՆ-ի վրա՝ նշելով, որ հենց Միացյալ Նահանգներն են ստեղծել շրջափակումը։
Արաղչին հույս է հայտնել, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը կավարտվի ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակման վերացմամբ։
Հիշեցնենք, որ չնայած Իրանի ու ԱՄՆ-ի միջև հաստատված հրադադարին՝ ԱՄՆ-ն ռազմածովային ուժերը Իրանի դեմ ծովային շրջափակում են իրականացնում, ինչին ի պատասխան՝ Թեհրանն էլ սահմանափակել է Հորմուզի նեղուցով երթևեկությունը:







