ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտնել է, որ երկրում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր: Ընդգծվել է, որ միջազգային իրավիճակը գտնվում է մշտական մոնիթորինգի տակ, իսկ բնակչության համար սահմանափակումների անհրաժեշտություն այս պահին չկա։
Մինչև այդ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել էր, որ հանտավիրուսի գլոբալ տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր՝ չնայած արձանագրված բռնկման դեպքերին, մասնավորապես՝ MV Hondius զբոսանավում գրանցված վարակներին։ Ըստ ԱՀԿ-ի՝ հանրային առողջության համար ընդհանուր վտանգը մնում է սահմանափակ, սակայն առանձին խմբերում կարող է պահանջվել շարունակական բժշկական հսկողություն՝ հաշվի առնելով հիվանդության ինկուբացիոն շրջանը։ ԱՀԿ-ն նաև ներկայումս ճանապարհորդական սահմանափակումների անհրաժեշտություն չի տեսնում:
Հանտավիրուսը կրծողների միջոցով տարածվող վիրուսների ընտանիք է (Hantaviridae), որի բնական կրողներն են հիմնականում վայրի մկներն ու առնետները։ Վարակը մարդուն փոխանցվում է հիմնականում վարակված կենդանիների մեզի, թքի կամ արտաթորանքի մասնիկների ներշնչմամբ, աղտոտված մակերեսների հետ շփումից հետո ձեռքով բերանին, քթին կամ աչքերին դիպչելով:
Համաճարակաբանների մեծ մասը պնդում է, որ հանտավիրուսների մեծ մասը մարդուց մարդուն չի փոխանցվում։ Բացառություն է «Անդյան հանտավիրուսը», որի դեպքում հնարավոր է սահմանափակ փոխանցում սերտ շփման պայմաններում։ Հիվանդության առաջին փուլում ախտանշանները հաճախ նման են գրիպային վիճակի՝ բարձր ջերմություն, գլխացավ, մկանային և մեջքի ցավեր, թուլություն, սրտխառնոց։ Հետագա փուլերում որոշ դեպքերում կարող են զարգանալ շնչառական բարդություններ, արյան շրջանառության խանգարումներ կամ երիկամային խնդիրներ։ Մահացության մակարդակը կախված է վիրուսի շտամից և կարող է տատանվել մոտ 1%-ից մինչև 40%-ի սահմաններում:
Հանտավիրուսի մասին ակտիվորեն սկսել են խոսել MV Hondius զբոսանավում վիրուսով վարակման դեպքերից հետո: Ընդհանուր հայտնաբերվել է 11 դեպք՝ 9 հաստատված և 2 հավանական։ Վարակված անձինք եղել են զբոսանավի ուղևորներ կամ նրանց հետ սերտ շփում ունեցած մարդիկ։ Դեպքից հետո նրանք տեղափոխվել են մեկուսացման վայրեր և գտնվում են բժշկական վերահսկողության տակ։ ԱՀԿ-ի գնահատմամբ՝ բռնկման պատճառ դարձած վիրուսը «Անդյան» տիպն է:







