Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նիստում դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով, որ աշխարհում անվտանգության իրավիճակը դարձել է ավելի վտանգավոր ու անկայուն, ինչի պատճառով ՆԱՏՕ-ն պետք է ավելացնի պաշտպանական ծախսերը և զարգացնի ռազմական արդյունաբերությունը:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը Մոսկվային որակել է որպես երկարաժամկետ սպառնալիք՝ նշելով, որ Ռուսաստանը շարունակաբար մեծացնում է ռազմական ծախսերն ու արտադրությունը։ Ըստ Շեկերինսկայի՝ մարտահրավերների թվում են նաև Չինաստանը, որն արագորեն զարգացնում է իր ռազմական կարողությունները, և Իրանը, որն իր միջուկային ու հրթիռային ծրագրերով «շարունակում է վտանգ ներկայացնել համաշխարհային անվտանգությանը»։
Ելույթում առանձնակի ուշադրություն է դարձվել Ուկրաինային, որի անվտանգությունը, ըստ դաշինքի ներկայացուցչի, անմիջականորեն կապված է ՆԱՏՕ-ի անվտանգության հետ, և աջակցությունը երկրին պետք է կրի շարունակական բնույթ։ Շեկերինսկան շեշտել է, որ Ուկրաինան վերածվել է ժամանակակից պատերազմի «իրական փորձադաշտի», որտեղ լայնորեն կիրառվում են նոր տեխնոլոգիաներ՝ անօդաչու համակարգեր, էլեկտրոնային պատերազմի միջոցներ և արհեստական բանականության վրա հիմնված լուծումներ։ Որպես հետագա քայլեր՝ նա մատնանշել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ռազմական արտադրության արագացման, օդային պաշտպանության զարգացման և Եվրամիության հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը՝ վերահաստատելով, որ դաշինքի հիմնական նպատակը մնում է հավաքական պաշտպանության ուժեղացումը։







