Ամերիկյան «CNN» հեռուստաընկերությունը բացառիկ հրապարակմամբ հայտնել է, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում Իսրայելը գաղտնի կերպով հատուկ նշանակության ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ է տեղակայել Ադրբեջանում՝ Իրանի սահմանին հարակից շրջաններում։
CNN-ը, հղում անելով իր իրազեկ չորս աղբյուրներին, հայտնել է, որ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավային հատվածում գտնվող մի քանի օբյեկտներից, որոնք գտնվում են Իրանի հյուսիսային սահմանի անմիջական հարևանությամբ։ Աղբյուրների պնդմամբ՝ տեղակայված ուժերը ներառել են հատուկջոկատայիններ, որոնողափրկարարական ստորաբաժանումների զինծառայողներ և «Մոսադ»-ի ներկայացուցիչներ, որոնք իրականացրել են հետախուզական առաքելություններ և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ։ Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի տարածքից իրականացված կարևոր գործողություններից մեկը մարտի 4-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանման ղեկավար Ռահման Մողադդամի սպանությունն էր։ Հրապարակման համաձայն՝ իսրայելական կողմը նրան համարում էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ 2024 թվականին ծրագրված մահափորձի կազմակերպիչներից մեկը։
Հոդվածի համաձայն՝ Ադրբեջանում ստեղծված հենակետերը Իսրայելին հնարավորություն են տվել վերահսկել Իրանի հյուսիսային շրջանները և աջակցել ռազմական գործողություններին։ Նշվում է, որ Ադրբեջանի տարածքում տեղակայված ստորաբաժանումները եղել են Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում ստեղծված գաղտնի ռազմական ցանցի մի մասը։
Հրապարակման մեջ CNN-ը հիշեցրել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև գոյություն ունեն սերտ ռազմաքաղաքական և ռազմական կապեր, Ադրբեջանը Իսրայելի կարևոր էներգետիկ գործընկերներից է, իսկ Իսրայելը Բաքվին մատակարարում է ժամանակակից սպառազինություն, որի մի մասը կիրառվել է նաև 2016 և 2020 թվականների Արցախյան պատերազմների ընթացքում։







