Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է «Վրացական երկաթուղի» ընկերությունում խոշոր կոռուպցիոն սխեմայի բացահայտման մասին։ Գործով անցնող 8 անձանցից հինգն արդեն ձերբակալվել են, իսկ երեքի, այդ թվում՝ ընկերության նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Փերաձեի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Քննչական մարմնի տվյալներով՝ 2020-2021 թվականներին ընկերության նախկին ղեկավարությունը ստեղծել է կազմակերպված խումբ, որը համակարգված կերպով յուրացրել է պետական գույքը, մասնավորապես՝ «Վրացական երկաթուղուն» պատկանող մետաղաջարդոնը։
Հետաքննության համաձայն՝ հափշտակվել է առնվազն 22 հազար տոննա մետաղաջարդոն։ Բացի այդ, ՊԱԾ-ը հայտնել է, որ 2022 թվականին կնքված ավելի քան 400 հազար լարի արժողությամբ պայմանագրով արհեստականորեն ուռճացվել է երկաթուղային գծերի վերանորոգման արժեքը։
Նշենք, որ Դավիթ Փերաձեն «Վրացական երկաթուղի» բաժնետիրական ընկերությունը ղեկավարել է 2017 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի մայիսը։







