Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, Ռուսաստան կատարած այցի ընթացքում, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։
Ֆիդանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը շատ կարևոր քայլեր է կատարել, ապա ավելացրել, որ Թուրքիայի նախագահի քաղաքական կամքի շնորհիվ ևս իրականացվել են մի շարք կարևոր քայլեր, այդ թվում՝ ուղիղ առևտրի և ավիահաղորդակցությունների ոլորտներում։
«Մենք պատրաստ ենք կարգավորմանը, երբ դրա համար անհրաժեշտ պայմանները ստեղծվեն»,-ընդգծել է Ֆիդանը։
Թուրքիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Ռուսաստան կատարած այցի ընթացքում ձեռք է բերվել համաձայնություն Հարավային Կովկասում 3+3 ձևաչափի գործարկման վերաբերյալ և ընդգծել, որ դա շատ կարևոր մեխանիզմ է Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությունը խորացնելու տեսանկյունից։







