Հայաստանի կառավարությունը հունիսի 18-ի նիստում հաստատել է ջերմատնային տնտեսությունների աջակցության ծրագրում փոփոխություններ կատարելու որոշումը, որը նպատակ ունի մեղմել հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի կիրառած ներմուծման սահմանափակումների հետևանքները։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսս»-ը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ փոփոխությունները պայմանավորված են ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար ստեղծված դժվարություններով և նախատեսում են լրացուցիչ արտոնություններ ծրագրի շահառուների համար։Նախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում մինչ այժմ կնքվել է 20 պայմանագիր, որոնց արդյունքում հիմնվել կամ հիմնվում են շուրջ 91,5 հեկտար ընդհանուր մակերեսով ջերմատնային տնտեսություններ։ Դրանցից 34,5 հեկտարն արդեն շահագործման է հանձնվել և ընթացիկ տարում արտադրանք է թողարկել։
Նոր կարգավորմամբ նախատեսվում է, որ եթե մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կատարված մոնիթորինգի արդյունքներով հաստատվի, որ ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում արտադրել ու իրացրել է գյուղատնտեսական արտադրանք, ապա վարկի մարման առավելագույն ութամյա ժամկետը կերկարաձգվի ևս վեց ամսով։ Բացի այդ, գործող 12-ամսյա արտոնյալ ժամկետին կավելացվի ևս վեց ամիս, որի ընթացքում շահառուները չեն վճարի ո՛չ վարկի մայր գումարը, ո՛չ տոկոսները։
Պապոյանի խոսքով՝ խոսքը հիմնականում այն տնտեսությունների մասին է, որոնց արտոնյալ ժամկետն արդեն ավարտվել է։ Վճարումների բեռը կտեղափոխվի հետագա ժամանակահատված, մինչդեռ պետությունը կշարունակի կատարել իր պարտավորությունները բանկերի նկատմամբ։ Նախարարը նշել է, որ արտոնությունից օգտվելու համար շահառուները կարող են դիմել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը։








